Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանն իր երկրին հարվածներ հասցնելով ցանկանում է հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանել և ոչնչացնել էներգետիկ համակարգը:
Այդ մասին Զելենսկին ասել է հատուկ ուղերձում, որը տեսագրել է նախագահական նստավայրի մոտ:
«Ուկրաինացիներ, ուկրաինուհիներ, այսօր դժվար առավոտ է, մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, նրանք երկու թիրախ են ընտրել: Առաջինը մեր քաղաքների էներգահամակարգն է, երկրորդը՝ մարդիկ: Նրանք փորձում են մեզ հնարավորինս մեծ կորուստներ պատճառել, ջնջել երկրի երեսից: Բայց մենք ուկրաինացիներ ենք, օգնում ենք իրար, հավատում ենք մեզ»,- ասել է Զելենսկին, ավելացնելով, թե ուկրաինացիները կվերականգնեն ամեն բան, ինչն ավերվել է:
«Նրանք կարող ենք ժամանակավոր խափանել հոսանքի մատակարարումը, բայց երբեք չեն խափանի մեր վստահությունը, մեր հավատն առ հաղթանակ»,- ասել է Զելենսկին:
Նախագահը բնակիչներին կոչ է արել մնալ ռմբապաստարաններում և պահպանել անվտանգության կանոնները:
«Հիշեք, Ուկրաինան կար մինչև այս թշնամու հայտնվելը և կլինի նաև նրանից հետո: Փառք Ուկրաինային»,- ասել է Զելենսկին: