Մատչելիության հղումներ

Ժնևում մեկնարկել է Միրզոյան - Բայրամով հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից

Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Վահան Հունանյանը նաև կարճ տեսանյութ է հրապարակել.

Մինչ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումը Հայաստանի արտգործնախարարը Ժնևում հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր պաշտոնապես սկսելու են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր։

Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը Թբիլիսիում էր՝ հուլիսի 16-ին։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

XS
SM
MD
LG