Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Պուտինը իր քայլերով ու հայտարարություններով չի կարող Արևմուտքին ահաբեկել։ «Ամերիկան լիովին պատրաստ է դաշնակիցների հետ պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած դյույմ։ Պարոն Պուտին, կրկնում եմ՝ ամեն մի դյույմ», - ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Ամերիկան երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքների բռնակցումը և կշարունակի աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։
Ամերիկյան Կոնգրեսն այսօր 12,3 միլիարդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթն է հատկացրել Ուկրաինային: «Պուտինը չի կարող հարևան երկրի տարածքը գրավել՝ առանց պատասխան տալու դրա համար։ Մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել ինքն իրեն, իր տարածքներն ու անկախությունը», - ասել է ԱՄՆ ղեկավարը։