«Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք», - Գեղարքունիքում պատասխանելով Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և լրագրողների հարցերին՝ հայտարարեց Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը:
«Քանի որ մեզնից յուրաքանչյուրը (զինվորականներին նկատի ունեմ) հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չի և հակառակ կողմը պետք է փորձի խնդիրը լուծել ի նպաստ իրեն, մենք սպասում ենք, մենք պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու», - ընդգծեց ՊՆ պաշտոնյան:
Վերջին կրակոցները, Մարտիկյանի փոխանցմամբ, եղել են, «քանի որ հակազդում ենք, չենք թողնում առաջանան, չենք թողնում ամրանան»:
Ջերմուկի հատվածում, ըստ նրա, իսկապես միջադեպ է եղել, հակառակորդը կիրառել է ականանետեր, անօդաչու թռչող սարքեր, որի արդյունքում հայկական կողմը տվել է երեք զոհ:
«Մենք էդ լարվածությունից չենք վախենում, Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հակառակորդը չամրանա: Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, ու մենք էդ պաշտպանելու ենք, չգիտենք ով է մեզ հետ, բայց մենք պաշտպանելու ենք», - հայտարարեց Մարտիկյանը:
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:
Ժամը 22:00-ի դրությամբ, Ըստ ՊՆ-ի, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է: