Մատչելիության հղումներ

Անհետ կորած համարվող զինծառայողը անակնկալ զանգահարել է հորը


Հայկ Անթանյանը լրագրողներին ցույց է տալիս անհետ կորած զարմիկի լուսանկարը։
Հայկ Անթանյանը լրագրողներին ցույց է տալիս անհետ կորած զարմիկի լուսանկարը։

Շուրջ 15 օր անհետ կորած համարվող զինծառայող Սամվել Անթանյանը երեկ երեկոյան զանգահարել է հորը՝ անակնկալի բերելով հարազատներին։

Սեպտեմբերի 14-ից անհետ կորած զինծառայողին ծնողներն ու հարազատները երկու շաբաթ որոնում էին՝ փորձելով տեղեկություններ ստանալ և' Պաշտպանության նախարարությունից, և' Կարմիր խաչից։

Հորեղբայրը՝ Հայկ Անթանյանը, օրերս Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա ժամանակ պատմել էր, որ Սամվելը երկու ամիս է, ինչ ծառայում էր Կապանի Ներքին Հանդի զորամասում։ Ռազմական գործողություններից մի քանի ժամ առաջ նա ծառայակիցների հետ բարձրացել էր դիրքեր՝ ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով։ Դրանից հետո արդեն ադրբեջանական կողմը սկսել էր հարձակումը, և այլևս տղայից լուր չեն ունեցել։

«Էրեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու ամսի 12-ի ժամը 10-ի կողմերը։ Ամսի 13-ի գիշերը սկսվել ա, ու ոչ մի տեղեկություն չկա։ Կան, ասում ա, զոհվածներ, կան կորածներ, կան անտառի մեջ ինչ-որ էրեխեք լցված... Որտեղ էղել են, ընդեղ ման են գալիս ոչ ռազվեդկեն, այսինքն ռազվեդկա գոյություն չունի, ման են գալիս անտառապահ մարդիկ, ով որ անտառին ծանոթ են», - ասել էր Հայկ Անթանյանը։

Թե ինչպես է հաջողվել շուրջ երկու շաբաթ հետո 20-ամյա զինծառայողին հայտնաբերել, Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը միայն նշեց, որ զինծառայողը վիրավորում չունի, առողջական վիճակը բավարար է. - «Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորի Անթանյանը։ Նշեմ, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Թե որ տեղանքում է հայտնաբերվել զինծառայողը, այս պահին չեմ կարող նշել։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղանքը չի նշվում»։

Այսօր այցելեցինք Աշտարակում գտնվող Աթանյանների տուն։ Սակայն տանը ոչ ոք չկար։ Հարևանները պատմեցին, որ անհետ կորած համարվող Սամվելի ողջ լինելու լուրը հրաշք էր բոլորի համար։ Նրանց տեղեկություններով, տղային հաջողվել է անտառներով հետ գալ։

Անթանյանի հորեղբոր կինը «Ազատության» հետ զրույցում միայն ասաց, որ Սամվելի մայրն այս պահին հուզական վիճակում է, խոսել ի վճակի չէ, ցանկանում են վերջապես տեսնել տղային, հասկանալ, որ ամեն բան լավ է. - «Բայց հիմա ամեն դեպքում էրեխեն ողջ ա, առողջ ա։ Փառք Աստծու, մեր աղոթքները հասավ, մեր էրեխեն հասավ մեզ։ Բայց ուրիշ ոչ մի բան, կներեք, չեմ կարա ասեմ՝ զուտ իրա հանգստության համար»։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանն «Ազատությանը» փոխնացեց, որ Սամվել Անթանյանն առաջիկա օրերին կհրավիրվի Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննություն։ Նա դեռ չի հարցաքննվել։

Սամվել Անթանյանի վերադարձը մեծ հույսեր է արթնացրել անհետ կորած զինծառայողների ծնողների շրջանում։ Նրանք շարունակում են տարբեր կառույցների դռներ ծեծել մի լուր իմանալու հույսով։

Վահան Անդրեասյանի որդին՝ 19-ամյա Վազգենը, կորել է Վերին Շորժայի դիրքերում։ Վերջին անգամ զանգահարել է քեռուն՝ սեպտեմեբերի 13 -ին, ժամը 8 -ին, ասել է վիրավոր չէ, գերի չէ, ինչից հետո կապը կորել է։

Հայրն ասում է՝ 15 օր է անորոշության մեջ են, չգիտեն որդին գերի՞ է, թե՞ վիրավոր մի տեղ պատսպարված։ Ադրբեջանական կայքերում մի տեսանյութ է տեսել, գերի ընկած հայ զինծառայողին իր որդուն է նմանեցնում։ Ասում է հույսն այդ տեսանյութն է, բայց էլի վստահ չէ արդյո՞ք Վազգենն է. - «Ես ուղղակի չգիտեմ, 15 օր ո՞նց կարելի ա ինչ-որ մի բան չձեռնարկել, մի հատ խաբար ասել։ Մենք ծնողներով արդեն չգիտենք, թող կողմնորոշվեն... եթե գերի են, կոնկրետ մեզ գերիների ցուցակ տան, ասեն ձեր էրեխեն գերի ա, որ հանգստանանք, գոնե մտածենք ուրիշ ուղղությամբ։ Բայց էս անորոշ վիճակում արդեն ցնդում ենք, չգիտենք որտեղ դիմենք, ում դիմենք։ Ում դիմում ենք, ասում են համբերեք։ Ինչքա՞ն համբերենք... տասնհինգ օրը քիչ չի։ Կարող ա իմ էրեխես վիրավոր ա ինչ-որ մի տեղ կամ մի բան ա, արնաքամ ըլի, մնա՞... Ո՞նց կարելի ա տասնհինգ օրվա մեջ գոնե մի 99 տոկոս մարդկանց ասել օրինակ՝ քո էրեխեն չկա, կամ քո էրեխեն գերի ա...»

Զինծառայողներից շատերը անհետ կորել են հենց այն վայրերում, որտեղ ադրբեջանական ուժերին հաջողվել է առաջխաղացում ունենալ։ Ինչպես Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էր տեղեկացրել, ադրբեջացիները Հայաստանի տարածքում առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդի, Գեղարքունիքի Շորժաների և Ջերմուկի ուղղությամբ։

Մինչ այս պահը հստակ է չէ սեպտեմբերի 13-ից մարտերից հետո անհետ կորած զինծառայողների հստակ թիվը։

XS
SM
MD
LG