Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում կամավորները մաքրում ու կարգի են բերում թաքստոցները


Թեև Շիրակի մարզը հեռու է սահմանային վերջին լարվածության օջախներից, բայց այստեղ ևս մի խումբ կամավորներ մաքրում ու կարգի են բերում թաքստոցները։ Հռիփսիմե Պալյանը վերջերս է Ռուսաստանից Գյումրի վերադարձել ու միացել կամավորների խմբին:

«Հույսը պետք չէ դնել ինչ-որ մեկի վրա, այլ բոլորս մեր պարտքն ենք տալիս մեր հայրենիքին», - «Ազատությանն» ասաց նա:

Ի տարբերություն ապաստարանների, որոնք ռազմավական նշանակություն ունեցող տարածքներում նախատեսված են տարբեր զինատեսակներից պաշտպանվելու համար, գյուղերում ու քաղաքներում թաքստոցներն են խաղաղ բնակիչների պատսպարման վայրերը՝ դրանք նկուղներն են, ստորգետնյա անցումներն ու կայանատեղիները և այլ խորացված տարածքները։

Գյումրեցի Արսեն Վարդանյանն ասում է՝ կամավորներով կարողացել են մի քանի օրում բավականին շատ աշխատանք անել։ Թեև գիտի, որ սա առաջին հերթին պետության գործն է, բայց կարծում է, որ քաղաքացին էլ պետք է ակտիվ լինի իր պաշտպանության գործում:

«Եթե նորը չենք կարողանում կառուցել, այս պահին ի վիճակի չենք ռեսուրսային առումով, գոնե եղածների հետևից գնանք, պահպանությանը, պաշտպանությանն ուշադրություն դարձնենք», - նկատեց նա:

Թաքստոցների մաքրման գործին նաև դպրոցականներ են միանում։ Դասերից հետո հավաքված աղբն են տեղափոխում։ Նախաձեռնության հեղինակ Աստղիկ Եդիգարյանը ասում է՝ թիկունքում էլ պետք է պատրաստ լինել ամեն ինչի. «Սա էլ մեր խրամատն է, որտեղ յուրաքանչյուրն իր դերաբաշխումն ունի` ով ինչով պիտի զբաղվի: Հիմա մենք ավելի մեծ տարածքների վրա ենք կենտրոնացած, որտեղ ավելի շատ մեծ քանակությամբ մարդ կարող է տեղավորվել: Մենք անում ենք, և տա Աստված, որ պետք չգա»:

Անցած շաբաթ՝ հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ ռազմական գործողությունների օրերին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը օդային տագնապի ժամանակ պատսպարվելու ուղեցույց հրապարակեց։ Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանից «Ազատությունը» հետաքրքվեց, թե ինչ վիճակում են թաքստոցները:

«Ուսումնասիրվել են թվով 114 բազմաբնակարան շենքերի նկուղներ, որոնցից ոչ պատրաստ վիճակում են գտնվում թվով 54-ը: Ուսումնասիրվել են 91 մասնավոր տների նկուղներ, որոնցից երեքը գտնվում են ոչ պատրաստ վիճակում, նաև ուսումնասիրվել են թվով 10 կազմակերպությունների նկուղներ, որոնցից երկուսը գտնվում են ոչ պատրաստ վիճակում», - պատասխանեց նա:

Ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է զբաղվի թաքստոցների մաքրման գործով. պաշտոնյան ասում է՝ նախ բնակիչները. «Հաջորդ օղակը համատիրություններն են բազմաբնակարան շենքերի հետ կապված, համատիրությունների հետ աշխատում են նաև համայնքները, համայնքապետարանների կողմից հանձնարարվել է համատիրություններին մաքրման աշխատանքներ իրականացնել ու անընդհատ հսկողության տակ պահել»:

Բնակչության պաշտպանության համար պատասխանատու մարզային պաշտոնյան միաժամանակ ընդունում է, որ դեռ բազմաթիվ անելիքներ կան. «Դեռ աշխատանքներ կան անելու, հիմնականում մաքրելու, կարգի բերելու նկուղները, որովհետև ոչ բոլորն են ամբողջությամբ մաքուր: Կան նկուղներ, որոնք ավելի բարդ խնդիրներ ունեն, կոմունիկացիան, կոյուղին ամբողջությամբ խախտված է, այսինքն` հնարավոր չէ պատսպարվել: Այդ դեպքում նաև կարելի է մինչև 500 մետր հեռավորությամբ այլ շենք-շինությունների նկուղներում պատսպարվել», - նշեց նա:

Հայաստանում կան բնակավայրեր, որոնք թաքստոցներ չունեն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջերս առաջարկել է արագ կառուցվող թաքստոցների միջոցով խնդիրը լուծել. թե երբ կհաստատվի այս առաջարկը, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG