Մատչելիության հղումներ

Ռաիսին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ցուցարարների դեմ


«Հարկավոր է վճռական միջոցներ ձեռնարկել այն մարդկանց դեմ, որոնք խաթարում են երկրի անվտանգությունն ու անդորրը», - IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ մեկնաբանելով երկրի ողջ տարածքով մեկ շարունակվող բողոքի ցույցերն ու դրանց ընթացքում արձանագրվող բռնությունները։

Reuters գործակալության հաղորդմամբ` ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 35-ի։ Զոհերի թվում թե բողոքի ակցիաների մասնակիցներ կան, թե անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցներ։ Բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար բերման ենթարկված Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահվան մասին։

Իրանցի իրավապաշտպանները պնդում են, որ 22-ամյա Ամինին մահացել է ոստիկանների կիրառած բռնության հետևանքով, պաշտոնական վարկածի համաձայն` երիտասարդ կինը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

«Բողոքի ակցիաները հարկավոր է տարբերակել հասարակական կարգի խախտումներից։ Տեղի ունեցողը զանգվածային անկարգություններ են», - բախումների ընթացքում զոհված անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկի ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ այսօր հայտարարել է Ռաիսին։

XS
SM
MD
LG