Մատչելիության հղումներ

Ուկրաինայի՝ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում շարունակվում են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները


Ուկրաինայի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող շրջաններում շարունակվում են դրանց՝ Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեները։ Տեղի ռուսամետ իշխանությունների պնդմամբ` քվեարկության առաջին օրը Զապորոժիեի մարզի՝ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում քվեարկել է բնակչության 20, Լուգանսկում՝ 21,Դոնեցկում՝ 23 տոկոսը։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` մի շարք տարածաշրջաններում, մասնավորաբար առաջնագծից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Խերսոնում քվեարկությունն իրականացվում է տնային պայմաններում՝ ընտրական հանձնաժողովների անդամները բնակիչներին այցելում են զինվորականների ուղեկցությամբ։ Միջազգային հանրությունն ու պաշտոնական Կիևը այս հանրաքվեները անօրինական են որակում։

Ուրբաթ երեկոյան հեռարձակված ուղերձում դրանց է անդրադարձել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ասելով. «Աշխարհը պատշաճ կերպով կարձագանքի այս կեղծ հանրաքվեներին՝ դրանք միանշանակորեն կդատապարտվեն»։

Նախօրեին Սպիտակ տան խոսնակը արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման դեպքում Մոսկվայի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել։

XS
SM
MD
LG