Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գրավյալ շրջաններում հանրաքվե է մեկնարկել Ռուսաստանին միանալու հարցով


Ուկրաինայի գրավյալ շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում այսօր մեկնարկել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։

Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ընդունի այդ «ֆիկտիվ հանրաքվեների» արդյունքները։

Հանրաքվեն մերժում են նաև այդ շրջաններից տեղահանված Ուկրաինայի քաղաքացիները։

«Կտրականապես դեմ եմ հանրաքվեին։ Գտնում եմ, որ Խերսոնի մարզը Ուկրաինայի տարածք է։ Երկրորդ՝ մենք նույնիսկ չգիտենք ինչ է այնտեղ հիմա կատարվում, քանի որ մայիսից փախստական ենք դարձել», - ասել է Խերսոնի մարզից տեղահանված քաղաքացին։

2014-ից ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի բնակիչն ասել է, թե մեծ հույսեր է կապում հանրաքվի հետ։ «Մենք ամբողջ ուժով, սրտով և մտքով հույս ենք դնում Ռուսաստանի վրա։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տուն վերադառնալ։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը մեզ վերցնի իր թևի տակ», - ասել է Դոնեցկի բնակիչը։

Ռուսական լրատվամիջոցները տարածել են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հայտարարությունները, որտեղ նրանք հանրաքվեն պատմական են համարում։

Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները շարունակվելու են հինգ օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG