Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը:

Վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG