«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Նրա խոսքով՝ աշխարհում դաժան պատերազմ է ընթանում մեկ մարդու որոշմամբ:
Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է միջուկային զենքի գործադրման բացահայտ սպառնալիքի համար ու պնդել, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն երբեք չպետք է տեղի ունենա:
ԱՄՆ նախագահը նշել է՝ Ուկրաինա ներխուժելու մասին Պուտինն ասում է, թե ստիպված էր այդպես գործել, որովհետև Ռուսաստանը հայտնվել էր սպառնալիքի տակ: «Բայց ոչ ոք Ռուսաստանին չէր սպառնում, ոչ ոք, բացի Ռուսաստանից, հակամարտություն չէր ցանկանում», - շեշտել է Բայդենը:
Նա դատապարտել է ռուսական կողմի հարձակումներն ուկրաինական քաղաքացիական և մշակութային օբյեկտների վրա, քաղաքացիների զանգվածային սպանությունները: «Այս ամբողջ պատերազմն ուղղված է Ուկրաինային որպես պետություն գոյություն ունենալու իրավունքից զրկելուն», - ասել է Բայդենը և ընդգծել, որ ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի, ԱՄՆ-ը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի արդարացի պայմաններով:
«Եթե այս կամ այն երկիրը առանց հետևանքների բախվելու կարողանա իրականացնել իր կայսերապաշտական հավակնությունները, դա կվտանգի այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:
Բայդենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Չինաստան մրցակցությանը և նշել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ «սառը պատերազմի» կամ առավել ևս հակամարտության մեջ ներքաշվելու մտադրություն չունի: Նա ասել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, ըստ որի՝ Թայվանը մաս է կազմում Չինաստանին: