Անցած շաբաթվա սահմանային բախումներից հետո Հայաստանի տարբեր համայնքներում կամավորական խմբեր են ձևավորվել։ Նրանք սնունդ, հագուստ, շինարարական գործիքներ, անվադողեր ու այլ անհրաժեշտ պարագաներ են հասցնում բանակին։ Գյումրիի ու Վանաձորի կենտրոնում երիտասարդներ են միավորվել։
Գյումրեցի Հակոբ Մարտիրոսյանն ու Վարուժան Գևորգյանն ասում են՝ սահմանին կանգնած զինվորներին մենակ չեն թողնում. «Ուրիշ տեղերից էլ ենք հավաքում, բերում են, մեզ են տալիս, մենք ուղարկում ենք պոստեր, որ էնդեղ տղերքին ինչ-որ չափով կարողանանք օգուտ տալ, որ իրենք էլ մեզ համար կարողանան կռիվ տալ»:
«Ինչքան էլ պետությունն ասի, որ կարիք չկա, մենք հաստատ այդքան հասկանում ենք, որ կարիք կա էլի` դեղորայքի, սննդի, տաք շորերի, ամեն ինչի կարիք էլ կա այնտեղ: Մենք իրենց մեջքի հետևն ենք, իրենց մեջքից պիտի օգնենք ինչով կարողանանք: Պետք լինի, որ մենք էլ գնանք, մենք էլ կգնանք»:
Վանաձորում ևս երիտասարդներ են նախաձեռնության հեղինակները։ Գարուշ Մարկոսյանն ու Վաչե Հակոբյանը 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Ասում են՝ մաշկի վրա են զգացել պատերազմի դժվարությունն ու թիկունքից եկող աջակցության կարիքը։
«Խնդիր չկա, զինվորն ամեն ինչով թող ապահովված լինի, թող մի երկու բան էլ ավելի մոտները լինի` թե ուտելու, թե տաք հագուստ, մենք փորձում ենք ամեն ինչով իրենց օգնել», - ասում են տղաները. «Մենք ուզեցինք սա կազմակերպել, որպեսզի մեր զինվորները թևաթափ չլինեն, մենակ չզգան, միշտ իրենց դուխը տեղը լինի»:
Երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարեց, թե զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու իրենց միջոցները բավարար են, և որ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա, բայց միաժամանակ ռազմական գերատեսչությունից չէին արգելել օգնություններ հավաքագրելը։ Հորդորել են բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել իրենց հետ ու հեռախոսահամար հրապարակել։
«Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը: Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում: Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք», - նշված էր հաղորդագրության մեջ։
Երևանում բանակին օժանդակություն հասցնելու համար սկսված մեկ այլ նախաձեռնության հեղինակ, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում խնդրել էր բահեր, քլունգներ ու ծանր մուրճ փոխանցել։ Դրանք ևս հասնում են դիրքեր, ասում է Միսկարյանն ու պնդում՝ այդ գործիքներն այսօր պետք են բանակին։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը պատերազմական է, և եթե զինադադար է, դա չի նշանակում, որ վաղը, մյուս օրը նորից չի վերսկսվի, և ես գնահատում եմ կրիտիկական և կարծում եմ, որ բոլորիս պարտքն է շատ կարճ ժամանակում փորձել ամեն կերպ գոնե առաջնագծի կահավորման հարցը կարգավորել: Դա միայն Պաշտպանության նախարարության վրա թողնելը, կարծում եմ, արդար չէ», - ասաց նա:
Գարեգին Միսկարյանը վկայակոչում է իշխանությունների հայտարարությունները, որ վերջին սահմանային բախումների հետևանքով ադրբեջանական ուժերը ևս 10 քառակուսի կմ են օկուպացրել Հայաստանի տարածքից։ Դա նշանակում է, որ մարտական դիրքեր ենք կորցրել, ասում է Միսկարյանը։
«Հայտարարել է նախարարությունը, որ տարածքներ ենք զիջել, և հետևաբար այդ առաջնագիծը կահավորման կարիք ունի: Բացի այդ, նաև այն տարածքներում, որտեղ մենք չենք նահանջել, այնտեղ էլ եղել են ավերածություններ, ռմբակոծություններ, և բնական է, որ դրանք նորից վերակահավորման կարիք ունեն», - շեշտեց Միսկարյանը:
Սահման օգնություն հասցնող բոլոր նախաձեռնող խմբերը նշեցին, որ իրենց քայլերը համաձայնեցնում են Պաշտպանության նախարարության հետ, ինչպես հորդորել են գերատեսչությունից։