Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Այցի ընթացքում Բայրամովը մասնակցելու է նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև ունենալու է երկկողմ հանդիպումներ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Նյու Յորք է մեկնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, կհանդիպի գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կողմերը ոչինչ չեն հաղորդել Նյու Յորքում Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպման մասին:
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: