Այսօր խորհրդարանի նախասրահում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պետական պահպանության ծառայողներին հրահանգել է շենքից հեռացնել ընդդիմադիր Mediahub և Yerevan.today կայքերի լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին՝
«ԱԺ-ի բնականոն գործունեությունը և քվեարկությունը տապալելու համար»,- նշեց Սիմոնյանը։
«Իրավունք չունեք մեզ շենքից հեռացնել», - առարկեցին լրագրողները։ «Կհանեմ, կտենաս»,- նետեց խորհրդարանի խոսնակը։
Հետո արդեն ՊՊԾ աշխատակիցները Անիին քարշ տալով հեռացրին շենքից։ Ի՞նչ էր նախորդել խորհրդարանի ղեկավարի ցուցումին. ըստ լրագորղ Անի Գևորգյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության ժամանակ նախասրահում իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ է միջադեպ տեղի ունեցել։
«Սյուզին ասաց, որ խոսում եք այն մասին, որ գնացել են տներ, երեկ, օրինակ, մի տան օրինակ ցույց տվեք։ Քրիստինե Պողոսյանն ասաց՝ լավ է՝ չես ասում, լավ է, որ մարդ չի մահացել։ Ես ընդամենը դիտարկում արեցի, ասացի՝ օրինակ՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակահատվածում մարդ մահացել է։ Սկսեց ասել՝ հորինում ես, նմանատիպ ինչ-որ բաներ, նույնիսկ կարող եք կադրերում տեսնել իր վարքագիծը, երբ որ ես ասացի, որ պատգամավոր եք, Ձեր լեքսիկոնը պետք է կարգավորեք և այլն, ինքն սկսեց ավելի ագրեսիվ դառնալ», - պատմում է լրագրողը։
Քրիստինե Պողոսյանին կողքին նստած գործընկերը փորձեց հանգստացնել, ափով փակել նրա բերանը։ Պատգամավորը ձեռքը վերցրեց կնիքը, մեկ այլ գործընկեր բռնեց նրա ձեռքը։ Միջադեպի ողջ ընթացքում անվտանգության աշխատակիցները չեն միջամտում։
«Չեմ պատրաստվում պատգամավորի վարքագիծը քննարկման առարկա դարձնել»,-ասել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ավելի ուշ անդրադանալով լրագրողներին հեռացնելու իր հրահանգին. «Վարվել են ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթներին համապատասխան, որով Ազգային ժողովի գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի, և հաշվիչ հանձնախմբի անդամի նկատմամբ այն, ինչ արվել է այդ լրագրողների կողմից, խաթարել է հաշվիչ հանձնախմբի աշխատանքը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր 10 կազմակերպությունների հետ դատապարտող հայտարարություն է պատրաստում։ Կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը լրագրողներին շենքից հեռացնելու խորհրդարանի ղեկավարի ցուցումն օրենքից դուրս և կամայական է համարում, պատգամավորի պահվածքը՝ դատապարտելի։
«Խորհրդարանի նախագահի որոշումը կամայական բնույթ է կրում, սովորաբար լրագրողներին, եթե իհարկե, ինչ-որ խախտում է եղել, խորհրդարանից հեռացնելու համար քննարկումներ են պետք, և որոշումներ են պետք, և այդպես կամայական ձևով հեռացնելն անընդունելի է և անթույլատրելի։ Դատապարտելի է պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը, որտեղ նկատվում է հեռախոսով հարվածելու սպառնալիք», - շեշտեց նա։
Եթե պատգամավորը լրագրողների հետ շփվել չգիտի, չի կարող քաղաքականությամբ զբաղվել, ասում է Աշոտ Մելիքյանը։ Նա այսօր նաև լրագրողական էթիկայի խախտման տարրեր է տեսել. «Ոչ միշտ է, որ այդ լրագրողները հետևում են լրագրողական էթիկային և կարողանում են իրենց առաքելությունն իրականացնել առանց էթիկական նորմերի խախտման»։
«Իշխանականներն ուզում են գործ ունենալ հարցեր չտվող, հարցեր չունեցող լրագրողների հետ»,- ասում է լրագրող Անի Գևորգյանը։ Նա դատարան կդիմի. «Դատարան դիմելու, և պետք է նաև հասկանալ՝ Ալեն Սիմոնյանն այդպես ոտքի վրա իրավունք ունե՞ր ՊՊԾ-ի աշխատակիցներին հրահանգել ինձ տանել, և նրանք էլ քարշ տալով էին տանում։ Ես ընդամենն ասում էի՝ գրավոր որոշումը ցույց տվեք, որովհետև այդպես հեշտ չի լրագրողին խորհրդարանի աշխատանքից զրկելը»։
Ի դեպ, շենքից հեռացվելուց առաջ երկու լրագրողներն էլ փորձել էին զրուցել Ազգային ժողովի նախագահի հետ։
Ալեն Սիմոնյան իր ընտրությամբ մի քանի հոգու էր հրավիրել հարցազրույցի։