Մինչ կառավարությունը պաշտոնական թիվ չի հրապարակում, թե երեքշաբթի օրվանից ադրբեջանական հարձակման հետևանքով քանի մարդ է ստիպված եղել լքել իր տունը, օմբուդսմենի գրասենյակը մոտավոր հաշվարկ է ներկայացնում՝ 2750 մարդ։ Թիվը նորից ճշտվում է։
Տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի կարող ասել, թե մարդկանց երբ թույլ կտան սահմանամերձ բնակավայրերի իրենց տները վերադառնալ։
«Առաջին իսկ հնարավոր օրը», - «Ազատության» հարցին անորոշ պատասխանեց փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Պաշտոնական նախնական հաշվարկով, Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը վնասվել են ամբողջությամբ՝ ներառյալ օժանդակ կառույցները, բակում եղած մեքենաները և այլն։
«Այլ գյուղատնտեսական նշանակության գույք, կենդանիներ։ Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա։ Վնասվածություն ունեն շտապօգնության մեքենաներ, թվով երկուսը», - հավելեց Տերտերյանը։
Մի շարք համայքներ հոսանքազրկվել էին հրետակոծության հետևանքով։ Փոխնախարարի խոսքով, ՀԷՑ-ը արագ վերականգնել է հոսանքի մատակարարումը, մնացել է միայն Ներքին Շորժան, որտեղ դեռ հոսանք չկա, գրեթե չի աշխատում ինտերնետ և բջջային կապը։
Ընդհանուր առմամբ, փոխնախարարի փոխանցմամբ, ավելի մեծ վնաս կրել են Գեղարքունիքի հրետակոծված բնակավայրերը. - «Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ, ես ի նկատի ունեմ ճանապարհներ, ջրամատակարարում, չունենք։ Կան լոկալ բնույթի վնասվածքներ, որ հընթացս կարգավորվում են ու կկարգավորվեն ամբողջությամբ որոշակի ավելի հարմար պահի, երբ որ դրա հնարավորությունը և նպատակահարմարությունը, ի նկատի ունեմ ամբողջական վերականգնման, իրականություն կդառնա»։
Վնասների մասին տեղյակ են, բայց գույքագրում դեռ չի արվել։ Տերտերյանի խոսքով, ավելի մանրամասն կհաշվեն, կառավարությունը բնակիչներին կօգնի վերականգնել վնասված տներն ու գույքը։
Մինչ այդ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են այսօր աջակցում սեփական տներից դուրս եկած ավելի քան 2500 մարդկանց, որտե՞ղ են նրանք ապաստանել, ի՞նչ կարիքնոր ունեն։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախար Տաթևիկ Ստեփանյանն ասում է, թե ընդամենը մեկ տասնյակ զանգ են ստացել իրենց թեժ գծին. - «Դիմելով մարզպետարաններին, որտեղ կան բոլոր երեք մարզերում նշանակված պատասխանատու լիազոր անձինք, իրենց միջոցով կարողացել ենք ապահովել սոցիալական աջակցությունը»։
Ստեփանյանին հայտնեցինք, որ «Ազատությունը» երեկ հանդիպել է Սոտքից հեռացած մարդկանց, որոնք նշել էին, որ գիշերել են ավտոմեքենաներում, ունեն և' սննդի, և' տանիքի կարիք։
Ըստ փոխնախարար Ստեփանյանի սակայն, փողոցում մնացած մարդ չկա. - «Մեր ՏԿԵՆ գործընկերները այս պահի դրությամբ ևս վստահեցնում են, որ որևէ քաղաքացի դրսում չի մնացել, որևէ հարց անարձագանք չի մնացել։ Եթե կլինեն մասնավոր դեպքեր... Հաղորդումներ ներկայացնելու տարբերակը թեժ գիծն է»։
Տեղահանվածներով զբաղվող որևէ հատուկ հանձնաժողով չի ստեղծվել։ Ստեփանյանի խոսքով, պլանն այսպիսին է. մարդիկ պետք է դիմեն «թեժ գծին» կամ իրենց համայնքապետարան, համայնքի ղեկավարը պետք է խնդրի մասին հայտնի մարզպետարանի՝ այս հարցով զբաղվող հատուկ աշխատակցին, որն էլ պետք է լուծի տեղահանված ու կարիքներ ունեցող մարդկանց խնդիրը։ Մինչ այդ, պարզվում է, կան մեքենաներում գիշերող մարդիկ, որոնց մասին պատկան մարմինները անգամ տեղյակ չեն։