Մատչելիության հղումներ

Վերջին բախումների հետևանքով ադրբեջանական կողմում երեք նույնականացված հայ ռազմագերի կա


Արխիվ
Արխիվ

Երևանը քարոզչական թեզ է որակում 100 զինծառայողի դի հանձնելու Բաքվի առաջարկը

100 զինծառայողի դի հանձնելու Բաքվի առաջարկին Երևանը պատասխանել է երեկ, «Ազատությանն» այսօր փոխանցեցին կառավարությունից՝ վկայակոչելով Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հայտարարությունը։ Երեկ, սակայն, Նիկոլ Փաշինյանի պատասխանից ոչինչ պարզ չդարձավ։ Նա, արձագանքելով իր թիմակցի հարցին, թե Բաքուն առաջարկում է 100 զինվորի մարմին հանձնել, արդյոք այդ թիվը համապատասխանում է իրականությանը, դա միայն քարոզչական թեզ էր որակել։

«Ես հրապարակեցի մեր զոհվածների այսօրվա դրությամբ թիվը։ Ես մի բան եմ առաջարկում՝ տեսեք, ես առաջարկում եմ, որ մենք քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզեր ընդհանրապես չբարձրաձայնենք, մի հատ էլ քննարկենք, որովհետև հասկանո՞ւմ եք՝ մեզ ուր կթողնեն։ Դա էն պատմությունն է՝ ճի՞շտ է, որ 5 միլիարդ փող ես վերցրել, չգիտեմ։ Չնայած էդ էլ թշնամական, մեկը կար էնտեղ նստած», - Ազգային ժողովում ասել էր վարչապետը։

Բաքուն, հայտարարելով, որ պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին, դիմել էր Կարմիր խաչի միջնորդությանը։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը հաստատել էր այս տեղեկությունը՝ չմանրամասնելով, սակայն, թե երբ, որտեղ Երևանին կհանձնվեն զոհերի դիերը։

Այսօր էլ Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակությունից որևէ տեղեկություն չհաղորդեցին։

Բաքվի հայտարարությունն այլ հարցեր է առաջացրել, որոնց պետական մարմիններն չեն պատասխանում. ինչպե՞ս են 100 զինծառայողների դիերը հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ, արդյո՞ք նրանց շարքում կան հայկական կողմի հրապարակած զոհերից։ Կառավարությունն այս հարցերը թողնում է անպատասխան։ Վարչապետը երեկ միայն 105 ճգրտված զոհի, նաև 10 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին էր խոսել։

Իշխանության առաջնային խնդիրը պետք է լիներ զոհերի, անհետ կորածների, գերիների վերադարձն ապահովելը, պնդում է ընդդիմությունը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ Փաշինյանն ինքն է ընդունել, որ Հայաստանը տարածքային կորուստներ ունի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից կամ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի են ունեցել նաև դիրքային փոփոխություններ կամ դիրքային առաջխաղացումներ, ապա այս պայմաններում հավանական է համարվում հայ զինծառայողների մարմինների այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելը»։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը պնդում է՝ իշխանության առաջնային խնդիրը պետք է լիներ զոհերի, անհետ կորածների, գերիների վերադարձն ապահովելը, այնինչ վարչապետը նման կերպ երեկ շրջանցեց այս կարևոր հարցը։

«Մի բան ակնհայտ է, օրինակ՝ Ադրբեջանն իր դեպքում ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ կոնկրետ այս ագրեսիայի հետևանքով գրանցած իր կորուստները ոչ միայն հրապարակել է կոնկրետ թվով՝ 71, այլ անուն-ազգանուն, տարեթվերով, հայրանուններով հրապարակել է, և նույնը այս պահին չկա Հայաստանի դեպքում, ինչը իրական կորուստների հետ կապված բազմաթիվ հարցեր և կասկածներ է առաջացնում», - ասաց Աբրահամյանը։

Մինչ այս, արդեն հայտնի է, որ վերջին բախումների հետևանքով ադրբեջանական կողմում առնվազն երեք հայ ռազմագերի կա, որոնց հաջողվել է նույնականացնել։ Ադրբեջանական տեսանյութերից դատելով, սակայն, իրավապաշտպանները կարծում են, որ ենթադրյալ գերիների թիվը կարող է անցնել մեկ տասնյակից։

Նույնականացված մեկ ռազմագերու մասին օրերս հայտարարեց Հայաստանի կառավարությունը, որն արդեն դիմել է Եվրադատարան, մյուս երկուսի մասին տվյալներ է հավաքել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Կազմակերպության փաստաբանը մի ռազմագերու վերաբերյալ երեկ արդեն մեկ դիմում է ուղարկել Ստրասբուրգ, մյուսն էլ կուղարկի առաջիկայում։ Հարազատները ադրբեջանական տեսանյութերից են ճանաչել զինվորներին։

«Տեսանյութերից որևէ մեկում երևում է իրենց որդին, և ձայնի նմանություն կա՝ տեսանյութում ձայն է լսվում, և արտաքինի նմանություն կա, հայտարարում են ծնողները ևս, որ իրենց որդին է, նմանեցնում են», - նշեց իրավապաշտպան Անի Չատինյանը։

Թե՛ Հայաստանի կառավարությունը և թե՛ իրավապաշտպան կազմակերպությունը Եվրադատարանից խնդրում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու ռազմագերիների առողջության և կյանքի անվտանգությունը։ Իրավապաշտպանը պնդում է՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ Բաքուն խախտում է ռազմագերիների իրավունքները. «Տեսանյութերում տեսնում ենք՝ իրենք հատակին ընկած, պառկած վիճակում, ձեռքերը հետևի մասում կապված, նույնիսկ ոտքերը կապած դրվագներ կան, նկարում են, ստիպում են կրկնել ինչ-որ արտահայտություններ, որոնք, ըստ էության, նվաստացուցիչ են։ Այդ կադրերը նկարահանվում են, հրապարակվում են, կան տեսանյութեր, երբ որ ուղղակի էլի կապված վիճակում շարք են կանգնեցնում, ստիպում են որևէ բան ասել հրապարակային»։

Զինվորներից դեռևս լուր չունեցող կամ նրանց ադրբեջանական տեսանյութերում տեսած հարազատները գնում են ոչ թե հայաստանյան կառույցներ, այլ Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որտեղ երեկվանից հավաքագրում են նրանց տվյալները՝ Բաքվի գործընկերներին փոխանցելու համար։ Անորոշության ու ցավի մեջ գտվող հարազատները խուսափում են տեսախցիկի առջև հարցերի պատասխանել, բայց նրանցից ոմանք դժգոհում էին իշխանությունից՝ որոնողական աշխատանքներում իրենց միայնակ թողնելու համար։

XS
SM
MD
LG