Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Հայաստանի ԱԽ նիստ՝ Արցախի նախագահի մասնակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կառավարության փոխանցմամբ, քննարկվել են «Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը»:

«Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին:

Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը», - ասված է հաղորդագրությունում:

Տեղի ունեցած քննարկումներից հետո, Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

«ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու», - գրել է Հարությունյանը:

Նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG