Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր մեկուկես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պահանջել է դուրս բերել ռուսական բանակը Ուկրաինայից, հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը և որքան հնարավոր է արագ գտնել խնդրի դիվանագիտական լուծում։
«Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի կողմից բռնազավթման նոր փորձերը անպատասխան չեն մնա և չեն ճանաչվի», - ասել է Շոլցի խոսնակը։
Կանցլերը նաև քննարկել է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի հարցը, հորդորելով Պուտինին հետևել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցուցումներին՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։