Ի՞նչ սպասել Ռուսաստանից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ՀԱՊԿ-ից, որոնց այսօր դիմել է Հայաստանը՝ ահազանգելով ադրբեջանական ագրեսիայի մասին։
Դիմումի տեքստերը չեն հրապարակվել, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է ակնկալում Երևանն իր դաշնակիցներից՝ ռազմական օգնությո՞ւն, պատժամիջոցնե՞ր, խորհրդատվությո՞ւն, թե՞ այլ աջակցություն։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է, թե ՀԱՊԿ-ը կարող է որոշել, որ Ադրբեջանը խախտել է դաշինքի անդամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ըստ այդմ ռազմական աջակցություն ուղարկել Հայաստան։
Բայց սա քիչ հավանական է։ Ըստ մասնագետի, ավելի իրատեսական է, որ Բաքվի հետ սերտ հարաբերություններ ունեցող Բելառուսն ու Ղազախստանը, օրինակ, արգելափակեն այդ որոշումն ու կատարվածը որակեն ոչ թե ագրեսիա, այլ սահմանային բախում. - «ՀԱՊԿ-ը քաղաքական մարմին ա։ Բնականաբար, ՀԱՊԿ-ի որոշումները առաջին հերթին քաղաքական են, ես կասեի՝ նաև աշխարհաքաղաքական։ Եվ այդ որոշմանը կարող են հարմարացնել իրավական բանաձևեր։ Իրավական բանաձևերից մեկը՝ ի՞նչ է նշանակում ագրեսիա, ագրեսիայի ակտ։ Սահմանային միջադեպերը դրա տակ չեն ընկնում մեծ հաշվով, որովհետև այստեղ կարևոր է մասշտաբը, կարևոր են հարձակողական բնույթի ագրեսիվ գործողությունները։ ՀԱՊԿ-ում կարող են մեկնաբանել, որ դա ընդամենը սահմանային բախում էր երկու կողմից, և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում տեղի չի ունեցել, թեև, ցավոք, կան զոհեր։ Մոտավորապես նման կերպ կարող են մեկնաբանել, որպեսզի չմիջամտեն»։
Հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ-ն այսօր Հավաքական անվտանգության խորհդրի նիստ կանցկացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինիս խոսքով, նիստը կանցկացվի հեռավար, քննարկումը կլինի փակ։
Ժամեր առաջ հայտարարվեց, թե աշխատանքներ են իրականացվում կազմակերպության մեխանիզմները գործարկելու համար։ Մինչ ևայս պահը, սակայն, չի նշվում, թե որ հոդվածով են գործարկվում մեխանիզմները՝ խորհրդատվությա՞ն, թե՞ ռազմական աջակցության։ Կառույցում Հայաստանի ներկայացուցիչը այսօր միայն պնդել է, թե առկա «մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին»։
Գերմանիայի Էռլանգեն-Նյուռենբերգ համալսարանի դոցենտ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի․ - «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանի եղելությունը շատ դժվարացնում է իր աշխատանքը Ադրբեջանի դեմ, որովհետև Ադրբեջանի հետ բոլոր ՀԱՊԿ անդամները որոշակի դիվանագիտական կամ բարիդրացիական հարաբերությունների մեջ են գտնվում։ Դժվար է Ադրբեջանին որևիցե ձևով զսպել կամ կանգնեցնել, որովհետև իրանք թե' տնտեսապես, թե' քաղաքական առումով բարիդրացիական հարաբերությունների մեջ են գտնվում»։
Փորձագետը հիշեցնում է անցած գարնան դեպքերը, երբ հայկական կողմը կրկին հաղորդեց Ադրբեջանի առաջխաղացման մասին, դիմեց ՀԱՊԿ-ին, որի քարտուղարը կատարվածը որակեց որպես «սահմանային միջադեպ»՝ առանց կոնկրետ քայլեր ձեռնարկելու։
ՄԱԿ-ի դեպքում հայտնի է, որ Ֆրանսիան է հարցը բարձրացնելու Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ մասին հայտարարել է այսօր նախագահ Մակրոնի գրասենյակը՝ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։
Նիստի ժամկետների ու օրակարգի մասին մինչ այս պահը որևէ բան հայտնի չէ։ Հստակ է, որ եթե Անվտանգության խորհդի մշտական հինգ անդամներից մեկը համաձայն չլինի, որոշումը չի ընդունվի։ Անցած 44-օրյա պատերազմում, օրինակ, փաստաթղթուղ չէր ընդունվել, ըստ հաղորդումների՝ հենց այդ պատճառով։
«Ես ունեմ նման մտավախություն, բայց պատկերացրեք Անգլիան, որ Ադրբեջանի դաշնակիցն է, կարծեմ դա անառարկելի է, բոլորը համոզվել են դրանում, հաստատ վետո կդնի։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, գիտեն այս ճանապարհի մասին, քննարկումներ եղել են։ Բայց նաև պետք է հաշվարկել, հանկարծ չձախողվենք։ Որովհետև ձախողումը արդեն կանաչ լույս է։ Իսկ իմ անձնական կարծիքն է, որ քիչ հավանականություն կա, որ մեզ կհաջողվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստանալ 9 ձայն, որից 5-ը պետք է լինել խորհրդի մշտական անդամները», - նշեց Արա Ղազարյանը։
Միջազգային այս երկու կառույցներից զատ, վարչապետ Փաշինյանը այսօր դիմել է Ռուսաստանին՝ 1997 թվականի «Բարեկամության և փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա աջակցություն ցուցաբերելու համար։ Այն, ի թիվս այլ ոլորտների, ենթադրում է նաև ռազմական համագործակցություն։
Սա առանձին դեպքերում ենթադրում է ռազմական ագրեսիայի ժամանակ աջակցություն, ընդհուպ՝ զինուժի տրամադրում կոնկրետ իրավիճակներում կողմի խնդրանքի դեպքում։