Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատող վերջին` վեցերորդ էներգաբլոկը կանգնեցվել է, ռուսական ՌԻԱ Նովոստիին ասել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով՝ ռեակտորների ու տուրբինների աշխատանքի անընդհատ փոփոխվող ռեժիմը կարող է վթարի հանգեցնել։ Այս դեպքում անջատման ռեժիմը, ինչպես նշված է, թույլ է տալիս վերագործարկել էներգաբլոկը:
«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան էլ ասել է, որ ռեակտորի անջատումը ամբողջապես չի վերացնում «միջուկային աղետի սպառնալիքը շարունակվող հարվածների պայմաններում»։
Զապորոժիեն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։ Այն գտնվում է Էներգոդար քաղաքում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որ այցելել էր ԱԷԿ, օրերս հրապարակել էր Զապորոժիեի վերաբերյալ զեկույցը։ Փորձագետներն արձանագրել էին, որ կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած կայանը այս ընթացքում մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ։