Երեկ Հայաստան վերադարձած հինգ նախկին գերիներն այժմ Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են:
Տեղում հավաքված նրանց հարազատները նշեցին, որ տղաներն այստեղ են առավոտյան 10-ից, իրենց ասել են, որ նրանք հավանաբար այսօր ազատ կլինեն, բայց թե որքան կտևեն քննչական գործողությունները, չգիտեն:
Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ` գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Խոսնակն առայժմ չի կարող ասել` այս քննչական գործողությունները երբ կավարտվեն:
Նա նաև հայտնեց, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
Իշխանասարի մարտերի ժամանակ 32 զինծառայող էր գերեվարվել: Խծաբերդում 62 շիրակցի պայմանագրային էր գերեվարվել։ Նրանց զինակիցները վերադարձել էին Հայաստան, իսկ մի մասը ադրբեջանական բանտերում էին ծանր մեղադրանքներով ու երկարատև կալանքի դատավճիռներով։
Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։