Ադրբեջանական կողմն այսօր Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների, հաղորդում է ԱԱԾ-ն:
Հայրենիք վերադարձված անձինք են.
- Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
- Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
- Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
- Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
- Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուարդ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։