ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասում է, որ ճիշտ և արժանապատիվ դիվանագիտության դեպքում ամեն ինչ կարող է փոխվել, այդ թվում` Արցախի տարածքների դեօկուպացիան: Ըստ նրա` իրավիճակը կարող է փոխվել նաև, եթե Հայաստանը գործընկերային ազնիվ ու հետևողական հարաբերություններ ունենա բոլոր հարևանների հետ, ոչ թե ամեն րոպե փոխի դիրքորոշումները:
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Թյուր է տեսակետը, թե դա ենթադրում է միանգամից պատերազմ»
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` ինչպե՞ս եք վերադարձնելու Շուշին և Հադրութը, պատերա՞զմ եք հայտարարելու, ո՞վ է լինելու դաշնակիցը այդ դեպքում:
«Շուշիի և Հադրութի վերադարձի մասին խոսում են բոլորը` մի մասը ազնվությամբ երևի, մի մասը` կեղծավորությամբ: Նույն իշխանությունը 2021-ի նախընտրական ծրագրում խոսել է Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, - ասաց պատգամավորը` հավելելով, - թյուր է տեսակետը, թե դա ենթադրում է միանգամից պատերազմ:
Կա արժանապատիվ, հետևողական դիվանագիտություն, կա ԼՂՀ իրավական տարածքների հարց, եթե լինի համառություն, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, ու հնարավոր լինի դիվանագիտական այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանի շուրջ, որ ինչպես օգտատերն է ասում, Վրաստանն ու Իրանը չփակեն սահմանները պատերազմի ժամանակ, Հայաստանն էլ գործընկերային ազնիվ ու հետևողական հարաբերություն ունենա բոլոր հարևանների հետ, ոչ թե ամեն րոպե փոխի դիրքորոշումները, իրավիճակը կարող է փոխվել»:
Գեղամ Մանուկյանի խոսքով` «մարդկանց միտքը պղտորում են, երբ ասում են` ով ասում է Շուշի և Հադրութ` ուզում է պատերազմ»:
4 տարի է անցել, բացահայտումներ չկան. Մանուկյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժի խմբակցության անդամ Մանուկյանը, պատասխանելով հարցերից մեկին, նկատեց, որ Քոչարյանի ղեկավարման տարիներին Արցախում անվտանգային առումով կտրուկ ակնառու փոփոխություններ են եղել: Նա նշեց` բանակում խնդիրներ մինչև 2018 թվականն էլ եղել են, սակայն մեծամասշտաբ բախումներ բացի ապրիլյան պատերազմը, չեն եղել:
Իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը, թե «Հայաստան» խմբակցության շուրջ միլիադատերեր կան, ինչո՞ւ չի հարցնում, թե ինչպես են հարստացել պատերազմը, Արցախի հարցը օդում կախված երկրում:
«Սա նման է «բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում» թեզին, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ եմ խոսել որպես հեռուստատեսություն կամ լրագրող:
Աշխարհում ամենահեշտ բաներից մեկը ուրիշի գրպանի փողերը հաշվելն է: 2018-ին իշխանափոխությունը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ հոգնել էին անարդարությունից, հարստացումից, իրականում հոգնել էին, 2018-ին իշխանության եկան «այդ ամենը վերադարձնելու ենք» կարգախոսներով, 4 տարի է անցել:
Ոչ, դանդաղ չեն գործընթացները, ժողովուրդը անվերապահ վստահել է, տվել է անվերապահ լիազորություններ, նույնիսկ օրենք խախտելով անվերապահ լիազորություններ, անցել է 4 տարի, այսօր ինչի՞ մասին ենք խոսում, խոսում ենք` նախկին մեծահարուստներից մեկի դղյակը օրինական վաճառել ենք, չենք վաճառել:
Այլ հարց է, որ չցանկացան կամ չբացահայտեցին, կամ նաև հիմա էլ նկատելի է, լղոզեցին և դարձան նաև գործակից այն բազմաթիվ միլիոնների…»:
ՀՅԴ-ն միասնական է
Մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Դաշնակցության համահայկական ընդհանուր ժողովը, ասաց Գեղամ Մանուկյանն` արձագանքելով ՀՅԴ-ի միասնական լինել-չլինելու մասին հարցին: Դրսի կառույցների մասին խոսելով` նա հավելեց` օրինակ` Հայ դատի հանձնախումբը զբաղվում է միայն արտաքին քաղաքական հարցերով. «Ինչ վերաբերում է ներհայաստանյան քաղաքական պայքարին, այս առումով էլ է Դաշնակցությունն ամբողջական, համահայկական մեր պայքարում որևէ վայրկյան ներքաղաքական իրավիճակով պայմանավորված մենք որևէ նահանջ չունենք»:
Չի կիսում տեսակետը, թե աջակցություն չունեն ժողովրդի կողմից
Պատգամավորը չի կիսում տեսակետը, թե աջակցություն չունեն ժողովրդի կողմից. «Ապրիլի 5-ի հանրահավաքը, որ երկար դադարից հետո առաջին հանրահավաքն էր, ինքնին արդեն խոսուն փաստ է:
Այլ հարց, որ կարող է մարդը շատ ակտիվ հանրահավաքային գործողության չգա, բայց դա ինչ-որ մի փուլի դառնում է այլևս համատարած, և այս օրերին այն, ինչ կատարվում է Երևանում, դրա մասին է խոսում, որ ապակենտրոնացված պայքար է, իրար հետ կապ չունեցող մարդիկ նույն մտասևեռումով, նույն անհանգստությունով մեկը հացադուլ է անում, մեկը փողոց է ելնում, մեկը նստացույց է անում: Իսկ ծրագրերի մասին, մի քանի օր ուղղակի համբերություն»:
Գեղամ Մանուկյանը հավաստիացրեց. «Ունենք ամեն րոպեի համար քայլերի հստակ մեխանիզմ»:
«Բողոքի ակցիաներին Արցախի գործընկերների մասնակցությունն ինքնանպատակ չէ»
Անցած շաբաթ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նստաշրջանը՝ հայտարարելով, որ մեկնում են Արցախ ու սահմանամերձ մարզեր, այնտեղ, որտեղ երկրի առաջնահերթ օրակարգն է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել պատգամավորներին մտնել Արցախ։Ըստ Մանուկյանի, իրենք ժամեր շարունակ Աղավնո գյուղի մոտ գտնվող անցակետում են եղել, կապվել են Արցախի խորհրդարանի ղեկավարության հետ, և 5 խմբակցությունների ղեկավարները շտապել են այստեղ, որտեղ ընդհանուր քննարկում են ունեցել:
Հարցին, թե ինչի՞ շուրջ են Աղավնոյում խոսել արցախցի պատգամավորների հետ, Մանուկյանը պատասխանեց․- «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներով դրանցի մի տասն օր առաջ Ստեփանակերտում էինք նաև հանդիպել։ Համագործակցությունը տարբեր ձևաչափերով է։ Հիմա մի կարևոր հարց կա, որ Հայաստանի Ազգային ժողովում էլ է քննարկվում․ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել, որը 2021 թվականի հոկտեմբերին ձևավորվել է, մինչև հիմա որևէ նիստ չի ունեցել»։
Բողոքի ակցիաներին Արցախի գործընկերների մասնակցությունն ինքնանպատակ չէ, ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ շատ ավելի կարևոր է, որ Արցախի, Արցախի իշխանությունները որպես կողմ, որպես վճռական խոսք ասող կողմ հանդես գա։ «Ցավոք սրտի, 2018 թվից հետո այդ ինքնավարությունն, ինքնիշխանությունը ներհայկական մակարդակում անկում ապրեց, որը ուղղակի անհավատալի վատ հետևանքներ ունեցավ նաև Արցախի համար», - ասաց Մանուկյանը։
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.