Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակին հաջողվել է Խարկովի մարզում ավելի քան 20 բնակավայր ազատագրել


Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես հաստատեց առաջխաղացման մասին լուրերը՝ տեղեկացնելով, որ բանակին հաջողվել է Խարկովի մարզում ավելի քան 20 բնակավայր ազատագրել։

«Խարկովի մարզում մեր պաշտպանական գործողության շրջանակում կորցրած տարածքները հետ վերցնելու նպատակով այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի զինված ուժերը Ազգային գվարդիայի ստորաբաժանումների և անվտանգության այլ կառույցների հետ մարտական գործողություններ են իրականացնում։ Մեր ստորաբաժանումներն այս պահի դրությամբ ներթափանցել են հակառակորդի գծեր մինչև հիսուն կիլոմետր խորությամբ»։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս երեկ առաջին անգամ հրապարակավ խոսեց այս մասին՝ առանց կոնկրետ բնակավայրերի անունները հիշատակելու. - «Այս շաբաթ մենք լավ նորություններ ունենք Խարկովի մարզից: Հավանաբար բոլորն արդեն լսել են հաղորդումները ուկրաինացի պաշտպանների գործողությունների մասին: Եվ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները հպարտանում են մեր զինվորներով: Սա արժանի հպարտություն է, ճիշտ զգացում»:

Ավելի վաղ բազմաթիվ, այդ թվում ռուսամետ, Տելեգրամ ալիքներ հաղորդել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակողական գործողություն են սկսել Խարկովի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Բալակլեա քաղաքի մոտ։ Տեղեկությունը հաստատում են նաև պատերազմի ուսումնասիրման վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետները՝ նշելով, որ ուկրաինացիները Բալակլեայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ։

Ուկարինական բանակի հաջողությունների ֆոնին այսօր հաղորդվեց, որ չհայտարարված այցով Կիև է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար էնթոնի Բլինքենը: Պատերազմից մեկնարկից ի վեր սա նրա երրորդ այցն է։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհայտարարի նոր` երկու միլիարդի դոլարի օգնություն տրամադրելու մասին։

Պենտագոնի ղեկավարն էլ երեկ հայտարարել է, թե նախագահ Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային հավելյալ 675 միլիոն դոլարի ռազմական աջակցություն տրամադրելու ծրագիրը. - «Վերջին փաթեթը ներառում է ավելի շատ բազմակի արձակման հրթիռային համակարգեր, 105 միլիմետրանոց հաուբիցներ, հրետանային զինամթերք, ուժային հրթիռներ, զրահապատ շտապօգնության մեքենաներ, հակատանկային համակարգեր և այլն»:

Միաժամանակ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներակայցուցիչը Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի քաղաքացիներին Ռուսաստան բռնի արտաքսելու մեջ և հայտարարել, որ էթնիկ զտման այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից:

«Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաները վերահսկում և համակարգում են զտման այս գործողությունները», - ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նրա խոսքով, տարբեր աղբյուրների համաձայն,անցած կես տարում Ռուսաստանի իշխանությունները «հարցաքննել, կալանավորել և բռնի տեղահանել են» 900 հազարից մինչև 1,6 միլիոն ուկրաինացիների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG