Մատչելիության հղումներ

Ուկրաինական զորքերը հակահարձակման են անցել Խարկովի մարզում


Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները երկրի պետական դրոշն են բարձրացնում Խերսոնի մարզի՝ իրենց վերահսկողության տակ վերադարձված Վիսոկոպիլյա ավանում, 4-ը սեպտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները երկրի պետական դրոշն են բարձրացնում Խերսոնի մարզի՝ իրենց վերահսկողության տակ վերադարձված Վիսոկոպիլյա ավանում, 4-ը սեպտեմբերի, 2022թ.

«Ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Խարկովի մարզում՝ Բալակլեյա քաղաքի ուղղությամբ», - պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ամերիկացի վերլուծաբանների տեղեկություններով` ուկրաինական զորքերի գրոհի արդյունքում ռուսական ստորաբաժանումները ստիպված են եղել նահանջել Սևերսկի Դոնեց գետի հյուսիսային ափ։

Ուկրաինական հակահարձակման փաստը հաստատում են նաև ռուսաստանյան իշխանամետ Տելեգրամ ալիքներից մի քանիսը։ Դրանցում տեղ գտած որոշ տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ընդհուպ մոտեցել են Բալակլեյա քաղաքին և կրակային հսկողություն են սահմանել այդ բնակավայրը Կուպյանսկ շրջկենտրոնին կապող ռազմավարական ճանապարհի նկատմամբ։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ ուկրաինական բանակի առաջխաղացումը հնարավոր է դարձել, երբ նախորդ շաբաթ Խերսոնի մարզում ձեռնարկված հակահարձումը զսպելու համար ռուսական հրամանատարությունն իր ենթակայության տակ գործող մի շարք մարտունակ ստորաբաժանումներ դուրս է բերել Խարկովի մերձակայքից։

Բալակլեյայի ուղղությամբ հակահարձակման մասին ռուսական և ուկրաինական պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում։

XS
SM
MD
LG