Մատչելիության հղումներ

Աշտարակը հնարավոր է ուսանողական կենտրոն դառնա


Շուրջ 20 հազար բնակիչ ունեցող Աշտարակը, որ մայրաքաղաքից 13 կիլոմետր է հեռու, հնարավոր է ուսանողական կենտրոն դառնա։ Իշխանությունները նախատեսում են բուհերն այստեղ տեղափոխել օպտիմալացման գործընթացից հետո։

Դեռևս հստակ ժամկետներ չկան, ոչ էլ որևէ փաստաթուղթ է կնքվել, բայց փոքրիկ այս քաղաքում թեման արդեն ակտիվ քննարկվում է. Սուսաննա Սահակյանը ոգևորված է այս նորությունից։ Խորհրդային տարիներին մայրաքաղաքում երկու բուհ ավարտած կինը ուսանողական կյանքի մասին շատ բան գիտի։ Ասում է՝ շատ լավ կլինի, որ երիտասարդները մի վայրում համախմբվեն:

«Շատ կուզեմ, որ Աշտարակը դառնա ակադեմիական քաղաք մեր երիտասարդությունը սովորի», - նշեց Սահակյանը:

Կրթական ռեֆորմների մասին արդեն չորս տարի խոսող իշխանությունները հայտարարում են, թե բուհերի օպտիմալացման՝ խոշորացման գնալով մտադիր են Հայաստանում 8 պետական բուհ թողնել, որոնք պետությունից լիարժեք ֆինանսավորում ստանալով պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Միավորվող բուհերն, ըստ գործադիրի, ժամանակի ընթացքում տեղակայվելու են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Կառավարությունն այստեղ նախատեսում է ակադեմիական քաղաք կառուցել։ Իշխանությունների այս նախաձեռնությունն առայժմ միայն բանավոր հայտարարություններով է ամրագրված, վերջնական որոշումներ դեռ չկան:

«Բա վա՞տ կլինի, լավ կլինի, շատ կգան-կգնան, տուրիզմը կզարգանա, մենք կզարգանանք», - ասաց աշտարակցի Նիկոլայ Դադալյանը:

Դադալյանը հիշում է՝ Խորհրդային միության տարիներին հայրենի քաղաքը գիտական մեծ կենտրոն էր՝ բազմաթիվ գիտնականներ ու հետազոտողներ այստեղ և՛ աշխատում էին, և՛ ապրում։ Աշտարակում է 100 հեկտար տարածք զբաղեցնող Գիտավան թաղամասը՝ բազմաթիվ հնամաշ շենքերով, լաբորատորիաներով ու տարատեսակ այլ կառույցներով, որոնց մեծ մասն այժմ չեն գործում։ Կան նաև բնակելի շենքեր։ Կառավարությունն Աշտարակում առկա այս ենթակառուցվածքները հաշվի առնելով է հենց որոշել ակադեմիական քաղաքն այստեղ հիմնել:

«Եռուզեռ կար, մարդիկ շատ լավ, ընտիր ապրում էին, աշխատավարձ էին ստանում», - ներկայացրեց Դադալյանը:

Գիտական մեծ պոտենցիալ ունեցող քաղաք է, ասում են աշտարակցները, սակայն թերահավատներն էլ քիչ չեն, թե այս նախագիծը մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել:

«Դժվար եմ հավատում, որովհետև հսկայական ծախսերի հետ կապված խնդիր ա, թե օգտագործելու են ինստիտուտների նախկին շենքերը, հնարավորությունները, բայց դե դա էն պայմանները չի լինի համալսարանների համար, կարծում եմ», - ասաց աշտարակցիներից մեկը:

Բայց արդյո՞ք իշխանությունների նախանշած այս փոփոխությունները կբարելավեն կրթության որակը։ Այս տարի, օրինակ, բուհերում առկա տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր մնաց, բազմաթիվ ֆակուլտետներ վերջին տարիներին շատ քիչ թվով ուսանողներ են հավաքում։ Իսկ կրթության որակից դժգոհում են թե՛ գործատուները, թե՛ իշխանությունները։ Կառավարության նիստերին այս խնդիրների մասին պարբերաբար են խոսում, շեշտում, թե ռեֆորմները ծայրահեղ անհրաժեշտություն են, անգամ նշում, թե հապաղելու դեպքում հայաստանն աղետի առաջ է կանգնելու։

Իսկ ինչպե՞ս են գնահատում փորձագետները կառավարության քայլերը։ Հասցեն փոխելով բուհերի որակը չի փոխվի, ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Ըստ նրա, եթե ընդհանուր համակարգը, դրա կառավարումն անհաջող է, մեծ տարբերություն չկա համալսարաններն Արտաշատում կլինեն, Աշտարակում, թե Իջևանում։

Այս փոփոխությունները փորձագետի գնահատմամբ՝ արդարացված կլինեն միայն այն դեպքում, երբ իշխանությունները կերաշխավորեն, որ այդպիսով կրթության որակն է բարձրանալու:

«Փորձը ցույց է տալիս, որ տեղի փոփոխությունը որակի վրա էական ազդեցություն չի ունենում, որովհետև եթե դասախոսները նույնն են, ծրագրերը նույնն են, կառավարիչները նույնն են, էդ ի՞նչ հրաշք է բերելու Աշտարակի օդը, որ կրթության որակը փոխվի», - ասաց փորձագետը:

Ի՞նչ են մտածում հենց իրենք՝ ուսանողները կառավարության այս նախաձեռնության վերաբերյալ։ «Ազատության» հարցումը ցույց տվեց, որ շատերն այս թեմայով այդքան էլ հետաքրքրված չեն՝ նույնիսկ չէին էլ լսել իշխանությունների մտադրության մասին։ Ով էլ տեղյակ էր, դեմ էր արտահայտվում՝ Երևանից բուհերը տեղափոխելու պատճառ երիտասարդները չեն տեսնում:

Եթե ի վերջո իշխանությունների այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ի՞նչ է լինելու մայր բուհի կամ օրինակ՝ Տնտեսագիտականի շենքերի հետ՝ օտարվելո՞ւ են, վարձակալության տրվելո՞ւ, թե՞ որևէ այլ նպատակով են շահագործվելու։ Կառավարությունը դեռ չի շտապում այս հարցում հստակություն մտցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG