Մատչելիության հղումներ

Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ուզբեկստանում


Արևմուտք-Ռուսաստան օր-օրի աճող լարվածության ֆոնին Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ուզբեկստանում։ Տեղեկությունը այսօր նախագահ Պուտինն անձամբ է հաստատել, ընդգծելով, որ երկու գերտերությունների միջև ռազմավարական գործընկերությունը շատ հաջող է զարգանում։ Պեկինը Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերներն է։

«Մեր երկրների միջև աճում է առևտրաշրջանառությունը, անցած տարի զգալի՝ 36 տոկոսով, հասնելով արդեն 140 միլիարդ դոլարի և շարունակում է աճել՝ տարվա առաջին կիսամյակում ևս 30 տոկոսով աճել է», - նշել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինն ասել է, որ շուտով Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը էլ ավելի կաճի՝ հասնելով 200 միլիարդի։

Երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին ավելի վաղ Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովն էր հայտնել՝ ասելով, որ սեպտեմբերի 15-ից 16-ը Սամար-ղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Սի Ծինպինը ծրագրում են լուրջ, լիարժեք հանդիպում անցկացնել։ Թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկելու՝ չի հաղորդվում։

Երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը Պեկինից դեռ չեն հաստատել։

Միջազգային մամուլն արդեն գրում է, որ համավարակից ի վեր սա Չինաստանի առաջնորդի առաջին արտասահմանյան այցն է, որը ընդգծում է, թե Պեկինի համար որքան կարևոր են ռուս-չինական հարաբերությունները։ Մոսկվան ևս դա չի թաքցնում՝ հատկապես արևմտյան պատժամիցոների ֆոնին։

Ռուսաստանի նախագահը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում այսօր հայտարարել է, որ անհնար է մեկուսացնել Ռուսաստանը, հակադարձելով արևմտյան պատժամիջոցներին՝ Պուտինը խոսել է Ասիայի աճող գլոբալ ազդեցության մասին՝ հատուկ ընդգծելով Չինաստանի դերը։

«Միջազգային շուկաներում գազի պահանջարկն այնքան մեծ է, որ մենք իրացման խնդիր չունենք, հատկապես այնպիսի խոշոր տնտեսության դեպքում, ինչպիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է՝ փաստացի գնողունակությամբ աշխարհի ամենամեծ տնտեսությունը, ավելի մեծ, քան Միացյալ Նահանգներինը։ Գազի պահանջարկն աճում է: Մեր պայմանավորվածությունները կայուն են», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նախորդ անգամ Պուտինն ու Ծինպինը հանդիպել էին Ուկրաինա ռուսական ներխուժումից շաբաթներ առաջ Պեկինում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակում։ Արդյոք Մոսկվան այդ հանդիպմանը տեղեկացրել էր պատերազմ սկսելու իր մտադրության մասին, հայտնի չէ։ Նույն օրը Պեկինը ու Մոսկվան 16 նոր փաստաթուղթ էին ստորագրել, այդ թվում՝ գազի ու նավթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու մասին։ Երկու գերտերությունների ղեկավարները նաև համատեղ հայտարարություն էին ընդունել միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ՝ շեշտելով, որ Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները չունեն սահմանափակումներ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Սի Ծինփինն աջակցություն է հայտնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։

Իսկ արդեն պատերազմի հաջորդ օրը երկու երկրների ղեկավարների հեռախոսզարույցն էր կայացել։ Պուտինը չինացի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել, այսպես կոչված, ռազմական գործողության պատճառների ու Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման վերաբերյալ, ամիսներ առաջ հաղորդել էր Կրեմլը։

Ի պատասխան Չինաստանը մինչ օրս չի միացել Կրեմլի դեմ պատժամիջոցներին, և մինչ օրս հայտարարում է, թե աջակցում է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու հարցում։ Պեկինը պատերազմի մեկնարկից ի վեր չի քննադատել Մոսկվայի որոշումն ու անգամ խուսափել է այն որակել որպես ներխուժում, փոխարենը քննադատել է Միացյալ Նահանգներին ու Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրել ռուս-ուկրաինական հակամարտությունը հրահրելու համար։

Արևմտյան մամուլը նկատում է, որ Արևմուտք-Ռուսաստան խորացող առճակատմանը զուգահեռ Մոսկվայի ու Պեկինի հարաբերություններն էլի ավելի են ամրանում։ Ռուսաստանի արևելքում անցած շաբաթ մեկնարկած «Վոստոկ 2022» զորավարժություններին նաև Չինաստանն է մասնակցում։

XS
SM
MD
LG