Մատչելիության հղումներ

Մոսկվան և Պեկինը «ավելի վճռական» են զարգացնելու երկկողմ կապերը


Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Վան Ին և Սերգեյ Լավրովը մարտի 30-ին հանդիպել են Չինաստանի արևելյան Անհոյ նահանգում։

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Մոսկվան և Պեկինը «ավելի վճռական» են զարգացնելու երկկողմ կապերը և խթանելու համագործակցությունը, հաղորդում է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նրանք դատապարտել են Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, դրանք համարելով անօրինական և ապակառուցողական։

Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը կայացել է Աֆղանստանի հարցով համաժողովի շրջանակում։ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների ձևաչփով անցկացվող այս հանդիպումը թվով երրորդն է։

Չինաստան են ժամանել Պակիստանի, Իրանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, կամ ներկայացուցիչներ։ Այսօրվա հանդիպմանը քննարկվող հիմնական թեման դիրքորոշումների համադրումն է Աֆղանստանում կայունություն ապահովելու համար, ինչպես նաև աֆղան ժողովրդին օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցերը։

Հանդիպմանը տեսաուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ուր ասված է, որ Աֆղանստանի ժողովուրդը տառապել է անկայունությունից, բռնություններից և հակամարտություններից և որ միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի Աֆղանստանի կարիքները հոգալու համար՝ ներառյալ մարդասիրական օգնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG