Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն հնարավոր է ընտրություններից մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարան տեղափոխվի, բայց՝ որպես փոխքաղաքապետ։ Տիգրան Ավինյանը նախօրեին հանդիպել է ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Ու մինչ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից չեն շտապում շատ փակագծեր բացել, ընդդիմադիր «Լույսից» Դավիթ Խաժակյանն ասաց՝ նախկին փոխվարչապետին փոխքաղաքապետ նշանակելու հարցը հավանաբար կքննարկեն ավագանու առաջիկա նիստին. - «Կարծում եմ դա կլինի եկող երեքշաբթի օրը, ավագանու առաջին հերթական նիստին այս նստաշրջանի»։
Դեռ այս տարվա մարտին, երբ իշխանությունները հայտարարեցին, որ հաջորդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն Ավինյանն է լինելու, հենց այս սցենարն էին նախանշել։ Հայտարարել էին, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ է նշանակվելու, հետո էլ գլխավորելու է իրենց նախընտրական ցուցակը։
2018-2021 թվականներին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած 33-ամյա Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը, Խաժակյանի փոխանցմամբ, դեռ ավագանու նիստի օրակարգում չկա, սակայն կարող է ներառվել ցանկացած պահի. - «Դեռևս նախագիծը օրակարգում չէ, բայց, կարծում եմ, մոտ ժամանակահատվածում կլինի»։
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ևս չեն բացառում, որ հարցը կներառվի առաջիկա նիստին։ Բայց և չեն հստակեցնում ՝ նշանակումը հենց գալիք շաբաթ կլինի, թե ոչ։
Տիգրան Ավինյանը 2018-ին փողոցային պայքարով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագրի» ամենակարկառուն դեմքերից է։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նա, սակայն, չէր ընդգրկվել իշխող ուժի նախընտրական ցուցակում, ու դա բացատրել էր նախընտրական ցուցակի առնչությամբ ունեցած տարաձայնություններով։ Այդ ժամանակ էլ լքեց փոխվարչապետի պաշտոնը, բայց մնաց իշխող կուսակցության վարչության անդամ։
Այս իրադարձություններից հետո տևական ժամանակ բա բացակայում էր հանրային դաշտից։ Վերջին ամիսներին, սակայն, կրկին ակտիվ է՝ տարբեր միջոցառումների է մասնակցում, խոսում Երևանի խնդիրներից։ Մոտ մեկ ամիս առաջ էլ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի վայր էր գնացել՝ ներկայանալով որպես քաղաքապետի թեկնածու։
Գալիք երեքշաբթի քաղաքապետարան հնարավոր տեղափոխությունը Տիգրան Ավինյանն այսօր չցանկացավ մեկնաբանել։
Այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։
«Ավինյանը հենց այս հաստիքին է նշանակվելու», - մանրամասնում է «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը. - «Մենք ունենք հաստիքացուցակում այդ հաստիքը՝ քաղաքապետի տեղակալի թափուր հաստիք, որ այսքան ժամանակ լրացված չի եղել»։
Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։ Ընտրություններից մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանից բացի հայտնի է նաև քաղաքապետի մեկ այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել։
Մամուլը գրում է, որ ընդդիմության թեկնածուն կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Երեկ կրտսեր Քոչարյանը, ոչինչ չբացառելով, «Ազատությանն» ասել էր, թե այդ հարցում որոշում դեռ չունեն։
Կմասնակցի՞ արդյոք ընտրություններին իշխող թիմի նախկին քաղաքապետը՝ տարեվերջին պաշտոնանկ արված Հայկ Մարությանը, առայժմ հայտնի չէ։ Պաշտոնակնությունից ութ ամիս անց բեմ վերադարձող դերասանը խոստացել է այս հարցի պատասխանը տալ իր առաջիկա ներկայացման ժամանակ։