Դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Խաչատրյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկը»։
Պարզվում է՝ Խաչատրյանը 2017 թվականին «Հայբիզնեսբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցրել՝ գրավադրելով Երևանի կենտրոնում գտնվող տունը։ Սյունիքի նախկին մարզպետը պայմանագրով պարտավորվել է վարկը մարել մինչ 2020 թվականի հուլիսը, սակայն պարտավորությունը չի կատարել։ Բանկը 2018 թվականի հունիսի 22-ին վարկառու Խաչատրյանին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ։ Սյունիքի նախկին մարզպետին բանկը տեղեկացրել է պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն Խաչատրյանը կրկին չի կատարել պարտավորությունները:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված է. «Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել»:
Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանում առարկել է, թե իրենք չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին տեղեկությունը: Պաշտպանական կողմը անհամաձայնություն է հայտնել նաև բանկի ներկայացրած օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ. առարկել են նաև բանկի հաշվարկած տոկոսի գումարը։ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի ներկայացրած առարկությունները դատարանն անհիմն է որակել և մերժել է դրանք։
2018 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սուրիկ Խաչատրյանը «Հայբիզնեսբանկին» պարտք է ավելի քան 1 միլիոն դոլար։ «Ազատությունն» այսօր փորձեց կապ հաստատել Սուրիկ Խաչատրյանի հետ, նրա հեռախոսահամարն անհասանելի էր, նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի հեռախոսհամարներն էլ հասանելի էին, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ «Հայբիզնեսբանկից» խոստացան կապվել մեզ հետ, սակայն բանկից այդպես էլ զանգ չստացանք։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց միջադեպերի հետ։ Դրանցից ամենաաղմկահարույցը թերևս 2013 թվականին Խաչատրյանի տան տարածքում տեղին ունեցած արյունալի միջադեպն է. Խաչատրյանի բակում տեղի ունեցած կրակոցներից սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածքներ էին ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը։
Սպանություն կատարելու փաստով ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանք մեղադրվում էին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Ձերբակալումից երեք ամիս անց, սակայն, Խաչատրյանի որդին ու թիկնապահն ազատ ազատ արձակվեցին։