Մատչելիության հղումներ

Մեկուկես ամիս է ռազմական գործողություններ են ընթանում նույն բնագծերով՝ չնայած ռուսների՝ ավելի առաջ գնալու փորձերին․ վերլուծաբան


Արևելքում շարունակվում են պաշտպանական գործողությունները, իսկ հարավում Ուկրաինան որոշել է անցնել ավելի վճռական հարձակողական գործողությունների, «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբան Նիկոլայ Բելեսկովը։

Արևելում, վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը, ըստ էության, փորձում է գրավել նույն դիրքերը, ինչ փորձել է գրավել վերջին ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում՝ Սևերսկը, Բախմուտը և փորձում է առաջ շարժվել Ավդեևկայի, Մարինկայի, Պեսկիի ուղղությամբ։ Ռուսների առաջխաղացումը, Բելեսկովի փոխանցմամբ, շատ դանդաղ է ու աննշան։

Ընդգծելով, որ թեև Ռուսաստանը դեռ քանակական գերազանցություն ունի հրետանու, կրակային ուժի առումով, բայց կենդանի ուժի՝ անձնակազմի շատ մեծ պակաս ունի, ինչպես նաև տանկերի և մարտական զրահամեքենաների պակաս կա, Բելեսկովը շեշտեց՝ ռուսների համար շատ դժվար է մարտավարական ցանկացած հաջողությունը օպերատիվ հաջողության վերածել և նրանց մնում է միայն շատ դանդաղ դուրս մղել ուկրաինական ուժերին։

«Վերջին մեկուկես ամիսը ռուսական զորքերը արևելքում ակնհայտ հաջողություններ չունեն։ Այսինքն՝ իրականում ռազմական գործողություններ են ընթանում նույն բնագծերով՝ չնայած ռուսների՝ ավելի առաջ գնալու փորձերին։ Իսկ հարավում Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ ասել է, որ մինչև ռազմական գործողությունների ավարտը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ մեր հարձակումը կպսակվի հաջողությամբ, իսկ դա Խերսոնի շրջանի Դնեպրի աջ ափում գտնվող մասի ամբողջական ազատագրումն է, ոչ ոք չի մեկնաբանելու ռազմական գործողությունները։ Ոչ ոք դա չի մանրամասնի այն պարզ պատճառով, որ եթե, օրինակ, ազատագրված այդ բնակավայրերի ցանկը տրամադրվի, անմիջապես դրանց վրա կսկսվեն զանգվածային գնդակոծություններ», - ասաց վերլուծաբանը՝ նկատելով՝ Կիևի ռզմավարությունը շատ ճիշտ է ընտրված։

Հարցազրույցն մաբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG