Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծրագրում է առաջիկա ամիսներին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ՝ փաստորեն նպատակ ունենալով պաշտոնին մնալ ևս մեկ ժամկետ։
Իր մտադրության մասին Տոկաևը հայտնել է երկրի խորհրդարանին հղած տարեկան ուղերձում՝ առաջարկելով նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց դարձնել յոթ տարի, բայց հետայսու յուրաքանչյուր ոք կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ։
«Ես երկար մտածել եմ և եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վերանայել նախագահի լիազորությունների շարունակականության ժամկետն ու քանակը»,- իր ուղերձում հայտարարել է Ղազախստանի նախագահը:
Տոկաևը նաև առաջարկել է մյուս տարվա սկզբին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Իր ուղերձով Ղազախստանի նախագահը տեղեկացրել է, թե որոշում է կայացվել երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացնել 17 տոկոսով։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նախագահ է ընտրվել 2019 թվականին։
Ղազախստանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի աշնանը, իսկ խորհրդարանականը՝ 2025 թվականին։
Ղազախստանում Սահմանադրական փոփոխությունների հարցով այս տարվա հունիսին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքներով երկիրը սուպերնախագահական կառավարման ձևից կանցնի ուժեղ խորհրդարանական կառավարման համակարգի: