Իր համերգներից մեկի ժամանակ արած արտահայտության համար կալանավորված թուրք հայտնի երգչուհի Գյուլշենը երեկ կանանց բանտից ազատ է արձակվել, թուրքական դատարանը նրա համար տնային կալանք է սահմանել։
Անցած շաբաթ Ստամբուլի դատախազությունը Գյուլշենի դեմ գործ էր հարուցել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով՝ հանրությանը ատելության ու թշնամանքի դրդելու համար: Մեղադրանքի առիթը երգչուհու կատակն է եղել։ Գյուլշենը ամիսներ առաջ համերգի ժամանակ, խոսելով իր հետ բեմ բարձրացած երաժիշտներից մեկի մասին, կատակով ասել էր, թե նա «փչացած» է, քանի որ սովորել է իմամ հաթիփում՝ կրոնական դպրոցում:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս սովորել է այդպիսի կրոնական դպրոցում: Այդ համերգից չորս ամիս անց իշխանական մեդիայի ձեռքով համացանցում տարածված տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց՝ երգչուհու նկատմամբ առաջացնելով քննադատության տարափ: Հանրության մյուս թևը, սակայն, սատարեց Գյուլշենին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան:
Արտիստի աջակիցները վստահ են, որ այս արշավի պատճառը նրա հայացքներն են ու բեմական համարձակ կերպարը. նա հանդես է գալիս որպես կանանց իրավունքների և ԼԳԲՏ համայնքի անթաքույց պաշտպան, ժողովրդավարության և աշխարհիկության կողմնակից:
Թուրք նշանավոր գրող Էլիֆ Շաֆաքը, օրինակ, իր սոցիալական էջերից մեկում ի աջակցություն Գյուլշենի գրել է. - «Այս որոշումը ոչ իրավունքի, ոչ էլ խղճի սահմաններում չի տեղավորվում: Ինչո՞ւ չեք կալանավորում կանանց սպանողներին, երեխաներին բռնացողներին, բնությունը ոչնչացողներին»:
Առաջադրված մեղադրանքով Գյուշենին 1-3 տարվա ազատազրկում է սպառնում։ Երգչուհու փաստաբանը հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել նաև տնային կալանքի որոշումը, քանի որ դա ևս ազատության սահմանափակում է։
Աղմկահարույց այս քրեական հետապնդմանը նաև ԱՄՆ պետքարտուղարությունն է անդրադարձել՝ հայտարարելով, որ շարունակում են մտահոգվել Թուրքիայում գրաքննության և դատական հետապնդման ճանապարհով խոսքի ազատության սահմանափակմանը միտված գործողությունների պատճառով:
Թուրքական ժամանակակից փոփ երաժշտության ամենահայտնի դեմքերից մեկի շուրջ ծավալված սկանդալը նաև քաղաքական աստառ է ստացել: Ընդդիմությունը այս առիթը օգտագործել է իշխանություններին քննադատելու համար: Ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ երգչուհու կալանավորումը հանրությանը բևեռացնելու և Էրդողանի իշխանությունը երկարաձգելու նպատակ ունի:
Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների միության համանախագահ, իրավաբան Վեյսել Օքը «Ռոյթեր»-ին ասել է, որ իշխանությունները պատրվակ էին փնտրում երգչուհուն ձերբակալելու համար և ամիսներ առաջ գտան այդ առիթը: Հիշելով հայտնի գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի, քուրդ քաղաքական առաջնորդ Սելահաթդին Դեմիրթաշի դատական գործերը, վերջին տարիներին բազմաթիվ լրագրողների և մտավորականների նկատմամբ ճնշումները, Օքը ընդգծել է, որ երգչուհու կալանավորումը թուրքական դատական համակարգի կախյալ վիճակի հերթական ապացույցն է։
«Գյուլշենի գործը ցույց տվեց, որ դատական համակարգը իշխանությունների ամենամեծ գործիքն է: Քեզ ստիպում են զգալ, որ եթե դու իշխանության ղեկին գտնվողներից տարբեր ապրելակերպ ունես, ապա քո կյանքն ու ազատությունը վտանգված են»,-ասում է թուրք իրավաբանը:
Գյուլշենը արդեն հրապարակավ ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել են իր խոսքերից: Թվիթերում նա գրել է՝ շատ վշտացած է, որ երկար տարիների գործընկերոջ հասցեին իր կատակը որոշ շրջանակների կողմից օգտագործվում է հասարակությանը բևեռացնելու համար: «Այլ լեզու պետք է գտնեի, գտնելու եմ»,-գրել է 46-ամյա երգչուհին։