Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը վերահաստատում է իր դիրքորոշումը «Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ»


Պաշտոնական Երևանը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, «Արմենպրեսի» խնդրանքով, պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեկնաբանություն ունի Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի ունեցած համաժողովի վերաբերյալ։

ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում:

«Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց», - եզրափակել է Հունանյանը։

Շաբաթ օրը ելույթ ունենալով Շուշիում կազմակերպված համաժողովին՝ Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը: Հաջիևն այդ քայլը համարել էր անհարգալից վերաբերմունք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Բաքվում Թուրքիայի դեսպանը նույնպես քննադատել է Ադրբեջանում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը մեկնել Շուշի՝ նման քայլը ևս գնահատելով որպես անարգանք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն արձագանքելով Հաջիևին՝ նշել է, թե «դեսպանատան աշխատակիցները բազմիցս են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, ներառյալ՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»։

Ուշագրավ է, որ ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է նշել ԼՂԻՄ մաս կազմած Շուշին ու Հադրութը, որոնք ևս 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանին։

XS
SM
MD
LG