Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները դադարեցվեցին, Վանիկ Ամիրխանյանի դին չի հայտնաբերվել


«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 10 օր հետո փրկարարները դադարեցնում են որոնողական աշխատանքները, թեև այդպես էլ չի գտնվել անհետ կորած քաղաքացին։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում «իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ նախքան պայթյունը հավանաբար գտնվել է քաղաքացին»։

«Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվե»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն ասել էր, որ մասնագիտական վերլուծության համաձայն՝ ջերմաստիճանը տեղում հասել է մինչև 1000 աստիճանի։

Եմիշյանի խոսքով՝ առայժմ ավելի քան մեկ մետր բարձրությամբ մոխիր են միայն հայտնաբերել. - «Տեղերում, էդ հարկերի մեջ մետր-մետրուկես մոխիր է եղել։ Էդ մոխրի մեջ մենք ման էինք գալիս մասունքներ, ոչ թե ամբողջական մարմին։ Եվ դա էլ չենք կարողացել գտնել էն հատվածում, որտեղ որ պիտի լիներ»։

Ողբերգական պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացածի։ 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։

XS
SM
MD
LG