Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»:
«Շնորհակալություն ցավակցական անկեղծ և մեծապես գնահատելի բառերի համար, թանկագին պարոն Փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», - Թվիթերում գրել է թուրք դիվանագետը:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անցած շաբաթավերջին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվածների թիվը մոտենում է հինգ տասնյակին, Թվիթերում ցավակցել էր Սերդար Քըլըչին և արտգործնախարարությանը:
Օրեր առաջ էլ թուրք բանագնացն էր ցավակցել Ռուբեն Ռուբինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 2-ը համարվում են անհետ կորած: