Մատչելիության հղումներ

Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբին անօդաչուով հարված է հասցվել


Ղրիմ, Սևաստոպոլ - Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը, 31-ը հուլիսի, 2022թ.
Ղրիմ, Սևաստոպոլ - Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը, 31-ը հուլիսի, 2022թ.

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբին, շտաբի աշխատակիցներից 6-ը տուժել են, զոհվածներ չկան: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանում նշվող Ռազմածովային նավատորմի օրը: Օրվա առթիվ բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել, նահանգապետը քաղաքացիներին կոչ է արել տանը մնալ:

Ռազվոժաևի հավաստմամբ՝ անօդաչուն Ուկրաինայի զինված ուժերինն էր:

Ուկրաինայի ռազմածովային ուժերում «հորինվածք» են որակել հաղորդագրությունը՝ պնդելով, թե իրականում «թշնամին չի համարձակվել տոնել ռազմածովային ուժերի օրը՝ զգուշանալով Ուկրաինայի զինված ուժերից, և պատրվակ է հորինել միջոցառումները չեղյալ հայտարարելու համար»:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում Ղրիմից սենատոր Օլգա Կովիտիդին, մինչդեռ, վստահ է, որ անօդաչուի հարձակումն իրականացվել է ոչ թե դրսից, այլ Սևաստոպոլի տարածքից: Նշելով, որ քաղաքում օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում, նա հույս է հայտնել, որ մինչև երեկո «ահաբեկչության» կազմակերպիչները կհայտնաբերվեն, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

XS
SM
MD
LG