Մատչելիության հղումներ

«Միգուցե կդիմենք դատարան, ինչ-որ մեկը պիտի փոխհատուցի». պայթյունի հետևանքով տուժած վաճառական


Կարինե Գևորգյանի խանութը պայթած շենքից մի քանի մետր հեռավորության վրա է։ 10 տարուց ավելի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հենց այստեղ էր աշխատել․ հիմա փորձում է փոշու, ծխի մեջ գոնե մի պիտանի ապրանք գտնել։

«Մինչև էսօր սգի մեջ ենք եղել, որովհետև դիակները չէին հանել, ամեն օր պանիխիդա, թաղում էինք գնում, հիմա էսօր, որ արդեն սպասում ենք էս մյուսի դիակի ճանաչմանը, այսինք՝ գոնե ինչ կարանք փրկենք, միգուցե զրոյից սկսենք էդ ապրանքով», - ասաց Գևորգյանը՝ հավելելով, - «ներսից ուզում ենք հանենք, դրսի վեշը չկա, շատ մեծ քանակությամբ դուրս ենք շարում, ներսինն էլ սաղ փոշիների մեջ»:

Ողբերգական օր վատ հուշերը տանջում են. հատկապես դեպքի վայր վերադառնալով՝ մղձավանջը նորից աչքի առաջ է եկել:

«Դե ես կուզեի էսօր էդ վեշն էլ չհավաքեի, իմ ընկերները, թեկուզ անծանոթ, մեր ազգից ոչ մեկը թող չզոհվեր, թող ես էսօր էսի չհավաքեի, բանվորություն կանեինք, կապրեինք, հիմա էլ հարկ չէինք տա, մեր աշխատավարձով կապրեինք, մենք զոհ չունենային: Հինգ տարեկան երեխան ի՞նչ էր արել», - ասաց Կարինե Գևորգյանը:

Պետական այրերից ոչ մեկ իրենց հետ չի խոսել, փոխհատուցման խոստումներ չի տվել, ասում էր տիկին Կարինեն՝ ընդգծելով առանձնապես հույս էլ չի կապում նրանց հետ՝ հատկապես գործադիրի վերջին նիստից հետո։

«Ոչ մեկ չի ասել փոխհատուցում, անգամ կառավարության նիստը նայեցի, սպասում էի դրան՝ ինչ-որ փոխհատուցման, ոչ մի խոսք չի եղել, ոչ էլ նիստ ա եղել այդ մասին, անգամ այսօր ասել են, կողքից խոսակցություն էր, որ կառավարությունը սրա հետ ինչ կապ ունի: Եթե հասարակական վայրում պայթացնում են ու հարկ ես տալիս երկար տարիներ, տեղի հարկից հարկ ա գնում պետբյուջե, մենք ամսական հարկ ենք վճարում պետբյուջե, քիչ գումար չենք մուծում», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Վնասները դեռ չեն հաշվել։ Սիրտ չկա։ «Սիրտ էլ չունենք հաշվենք, մեքենան էլ չկա, գույքն էլ դրսի, ստեղ ներսն ա եղել, պանելների տակից հանել են, տեղյակ չեն որտեղ ա, նոր պիտի հետաքրքրվենք», - ասաց Գևորգյանը:

Կուտակած վարկեր ունեն. ասում է՝ առանց դրա այս գործի մեջ հնարավոր չէ. - «Դրանք լրիվ լուծվող հարցեր են, չգիտեմ, միգուցե կդիմենք դատարան, կմիավորվենք բոլորս, կհասնենք վերջնակետին, ինչ-որ մեկը պիտի փոխհատուցի»:

Էկոնոմիկայի նախարարությունում դեռ չեն էլ սկսել քննարկել գույքային վնաս կրած վաճառականների փոխհատուցման հարցը։ Ե՞րբ կսկսեն՝ Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ չեն կարող հստակ ժամկետ նշել։ Միակ արձագանքը առայժմ հնչել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե քննարկում են պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց աջակցելու հնարավորությունը, բայց այստեղ էլ առայժմ չեն կարող ոչ հստակ գումարի, ոչ հստակ ժամկետի մասին խոսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG