Ուկրաինայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ երեկվա հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը կրկին փորձում է միջնորդ դառնալ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Ինչպես Սոչիում Պուտինին էի ասել, այնպես էլ Զելենսկուն եմ հիշեցրել, որ կարող ենք հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը», - այսօր ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայից վերադարձի ճանապարհին:
Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ վստահ է, որ պատերազմը կարելի է կանգնեցնել դիվանագիտական և բանակցային ճանապարհով, և Անկարան պատրաստ է շարունակել ջանքերն այս ուղղությամբ:
Լվովում կայացած երեկվա հանդիպման ընթացքում Անկարան նաև հուշագիր է ստորագրել Կիևի հետ՝ խոստանալով աջակցել Ուկրաինայի իշխանությունններին վերականգնելու ենթակառուցվածքները, որոնք վնասվել են Ռուսաստանի սկսած պատերազմից:
«Մի կողմից Թուրքիան ջանքեր է գործադրում հակամարտության դիվանագիտական լուծման համար, մյուս կողմից՝ սատարում մեր ուկրաինացի բարեկամներին, և շարունակելու ենք կանգնել նրանց կողքին: Նախագահ Զելենսկուն հայտնեցի, որ այսուհետ ևս շարունակելու ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի վերականգնման համար», - ասել է Թուրքիայի նախագահը:
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ այցելելով Ուկրաինա՝ Էրդողանը նաև քննարկել է ուկրաինական հացահատիկը երկրից դուրս բերելու հնարավորությունները։ Ամիսներ առաջ հենց Անկարայի միջնորդությամբ ռուսներն ու ուկրաինացիները այս մասին համաձայնագիր ստորագրեցին Ստամբուլում։ Անդրադառնալով դրան՝ Էրդողանն ասել է, թե անհրաժեշտ է այդ դրական մթնոլորտը մնայուն խաղաղության վերածել:
Ուկրաինայի նախագահը, սակայն, թերահավատ է, թե հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնությունը կարող է դիվանագիտական պատուհան բացել ռուս - ուկրաինական հաշտության համար:
Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, թե խաղաղության հասնելու համար Ռուսաստանը նախ պետք է դուրս բերի իր զորքը ուկրաինական տարածքներից: «Ես Թուրքիայի նախագահին հայտնեցի իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վստահություն չկա: Ես կարծում եմ, որ այդ դիվանագիտական ճանապարհին ռուսական զենք կա, և ես զարմացած եմ լսելով, թե նրանք որևէ խաղաղության են պատրաստ», - շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Երեկվա եռակողմ հանդիպման մյուս կարևոր հարցը եղել է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը: «Մենք երկրորդ Չեռնոբիլ չենք ուզում», - երեկ զգուշացրել էր Թուրքիայի նախագահը: Այսօր նա լրագրողներին էլ է տեղեկացրել, որ մտադիր է այդ հարցը քննարկել նաև Ռուսաստանի նախագահի հետ և հորդորել Մոսկվային պատասխանատվություն ստանձնել համաշխարհային խաղաղության համար: Թե երբ է տեղի ունենալու Էրդողան-Պուտին հերթական զրույցը, նա չի հստակեցրել։
Ատոմակայանի խնդրի մասին երեկ անհանգստությամբ էր խոսել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Ինձ չափազանց մտահոգում է Զապորոժիեում գտնվող Եվրոպայում ամենամեծ ատոմակայանի ճակատագիրը: Բանականությունը պետք է գերակայի՝ խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել կառույցի ֆիզիկական վիճակին, խախտել ԱԷԿ-ի անվտանգությունը: Մարտական գործողությունները որևէ պարագայում չպետք է տարածվեն այս կառույցի վրա: Անհրաժեշտ է երաշխավորել այդ ամբողջ տարածքի անվտանգությունը», - ասել է Անտոնիու Գուտերեշը:
Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում գործող ատոմակայանին հարվածներ հասցնելու համար: Մասնագետներն ահազանգում են, որ միտումնավոր կամ պատահական հուժկու հարվածը ատոմակայանին կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ Եվրոպայի համար: