Մատչելիության հղումներ

Ըստ սիրիական աղբյուրների, երկրի հյուսիսում 17 մարդ է զոհվել՝ թուրքական կողմի հրետակոծության հետևանքով


Երեկ Սիրիայի հյուսիսում 17 մարդ է զոհվել թուրքական կողմի հրետակոծության հետևանքով, հաղորդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը։ Սիրիական SANA գործակալությունը ևս հաղորդում է զոհերի մասին, խոստանալով նրանց համար վրեժխնդիր լինել:

Իրավիճակը տեղում սրվեց նախօրեին, երբ թուրքական հրետանին կրակ բացեց սահմանային քրդաբնակ Քոբանիի ուղղությամբ, Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական ուժերը պատասխան կրակ էին բացել։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, թուրքական կողմից մեկ զինվոր է զոհվել: Վերջին օրերին Սիրիայի հյուսիսում Անկարայի ակտիվացումը օրակարգ է բերել Թուրքիայի հնարավոր լայնածավալ հարձակման հարցը, որի մասին ամիսներ շարունակ ազդարարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Երեկվանից թուրք-սիրիական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին SANA գործակալությունը հաղորդել է, թե Թուրքիան նոր գործողություն է նախապատրաստում և այդ շրջաններում ապրող մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տներից: Տեղական աղբյուրները գործակալությանը պատմել են, թե Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սահմանային Ջերաբլուսի բնակչությանը մզկիթի խոսափողից զգուշացվել է տանը մնալ մոտալուտ ռազմական գործողության պատճառով:

Նույն աղբյուրները հայտնել են, թե սահմանային հատվածներում մեծ թվով թուրքական անօդաչու սարքեր են երևացել, թուրքական զինուժը արագորեն տեղակայվում է Հասեքեի, Ռաքքայի և Հալեպի սահմանային գոտիներում: Բացի այդ, այսօր Սիրիա է ուղարկվել 120 հատուկ ջոկատային՝ համալրելու այնտեղ ծառայություն իրականացնող թուրքական զինուժի շարքերը:

Երեկ էլ Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Գազիանթեփի մզկիթներից մեկի իմամը բարձրախոսով դիմել է ժողովրդին՝ հորդորելով տնից դուրս չգալ, քանի որ թուրքական զինուժը քուրդ զինյալների դեմ գործողություն է իրականացնելու: Այս դեպքերը մեծ իրարանցում էին առաջացրել: Գազիանթեփի նահանգապետը, ապա նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էին, որ սխալմունք է եղել և բնակչությանը ուղղված փողոց դուրս գալու որևէ արգելք չկա:

Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության մեկնարկի մասին Անկարան լռում է, փոխարենը խոսում սիրիական խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ Սիրիայում խաղաղության ու կայունության հասնելու համար կողմերը պետք է փոխզիջման գնան. - «Սիրիական ռեժիմը չի հավատում հարցի քաղաքական լուծմանը և ռազմական ճանապարհով է գնում, սակայն մնայուն լուծումը քաղաքական լուծումն է»:

Միևնույն ժամանակ խոսվում է Թուրքիա-Սիրիա ուղիղ երկխոսության հավանականության մասին: Անցած շաբաթ մերձիշխանական «Թյուրքիյե» թերթն էր գրել, իբր Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Դամասկոսը, սակայն, հերքել էր այդ լուրը: Օրերս էլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն ասել էր, թե «Դամասկոսի հետ հարաբերությունները կարող են ուղիղ դառնալ, իսկ դրանց մակարդակը կարող է բարձրանալ»:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական Վաթան կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն է պատրաստվում առաջիկա շաբաթներին մեկնել Դամասկոս ու հանդիպել նախագահ Ասադին: Փերինչեքը թուրքական Հյուրիյեթին ասել է, թե մտադիր են վերսկսել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:

XS
SM
MD
LG