Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի տիկնոջ մոտ COVID-19 ստուգումը դրական պատասխան է տվել: Այդ մասին հայտնել է առաջին տիկնոջ մամլո խոսնակ Էլիզաբեթ Ալեքսանդերը:
Դեռ երկուշաբթի օրը 71-ամյա Ջիլ Բայդենի ստուգման արդյունքը բացասական էր, սակայն երեկոյան ի հայտ են եկել հիվանդության առաջին նշանները, որոնք թեթև մրսածության էին նման: Ավելի ուշ արված ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) ստուգումը դրական պատասխան է տվել:
«Առաջին տիկինը երկու անգամ պատվաստվել է և երկու խթանիչ ներարկում է ստացել, նա ընդունում է Paxlovid դեղամիջոցը և առնվազն հինգ օր ինքնամեկուսացվելու է», - ասել է խոսնակը:
Տվյալ պահին Ջիլ Բայդենը գտնվում է Հարավային Կարոլինայում՝ մասնավոր առանձնատանը:
Ինքը նախագահ Ջո Բայդենն այս ամռանը վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Բայդենի երեկվա ստուգումը բացասական արդյունք է տվել: