Մատչելիության հղումներ

42 երկիր կոչ է արել Մոսկվային՝ դուրս բերել զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ից և առհասարակ Ուկրաինայից


42 երկիր, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամներն, ինչպես նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Կանադան, Մոլդովան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, ԱՄՆ-ը, Չեռնոգորիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան կոչ են արել Ռուսաստանին՝ դուրս բերել զորքերը Զապորոժիեի ատոմակայանից։

Ընդ որում, Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված տեքստում այն ստորագրած երկրները կոչ են անում Մոսկվային դուրս բերել զորքերը ոչ միայն Զապորոժիեի ատոմակայանից և նրա անմիջական շրջակայքից, այլ նաև ամբողջ Ուկրաինայից:

Ռուսաստանը մարտի սկզբին է գրավել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Միևնույն ժամանակ, ատամոկայանի ուկրաինական անձնակազմը մինչ օրս շարունակում է աշխատել այնտեղ։ Վերջին շաբաթներին հրետանային գնդակոծությունից հետո մի քանի անգամ արկեր են ընկել կայանի տարածքում, Կիևն ու Մոսկվան դրանում միմյանց են մեղադրում։

Մոսկվան ասում է, որ ռուս զինվորականներն ապահովում են ատոմակայանի անվտանգությունը և կոչ է անում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին այցելել ատոմակայան։ Կիևն էլ պնդում է, թե Ռուսաստանը նախ պետք է զորքերը դուրս բերի ատոմակայանից:

ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային ապառազմականացված գոտի ստեղծել կայանի շուրջ։ Կիևը ՄԱԿ-ի առաջարկը ընդունել է, Մոսկվան՝ ոչ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ։

«Ահաբեկչական պետության բացարձակապես բոլոր պաշտոնյաները, ինչպես նաև նրանք, ովքեր օգնում են նրանց ատոմակայանի հետ կապված այս շանտաժի մեջ, պետք է պատասխան տան միջազգային դատարանում։ Դա անպայման կլինի», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, թե ռուսական ուժերի ներկայությունը ատոմակայանի և հարակից տարածքներում մեծացնում է ռադիացիոն վտանգը Եվրոպայի համար։ Նրա խոսքով՝ նման վտանգ չի եղել նույնիսկ սառը պատերազմի ժամանակ։



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG