Մատչելիության հղումներ

Գյումրիի համալսարաններում այս տարի ևս թափուր տեղեր են մնացել. բուհերի ղեկավարները մի քանի պատճառ են նշում


Չնայած Գյումրիում բարձրագույն կրթությունը մայրաքաղաքի համեմատ ավելի էժան է, սակայն Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի բուհերում ևս այս տարի թափուր տեղեր են մնացել։ Բուհերի ղեկավարները մի քանի պատճառ են նշում՝ նախ այս տարի ընդունելության կարգն է փոխվել ու բարդացել, հետո էլ դիմորդները նախընտրում են բարձրագույն կրթությունը Երևանում ստանալ։

Շիրակի պետական համալսարան այս տարի շուրջ 130 ուսանող պակաս է ընդունվել նախորդի համեմատ: Չորս, այդ թվում՝ մաթեմատիկայի ֆակուլտետում դիմորդ չեն ունեցել, նույնիսկ անվճար տեղերն են թափուր մնացել: Ռեկտոր Երվանդ Սերոբյանն ասում է՝ ընդունելության նոր՝ երկրորդ քննության կարգն է հանգեցրել ուսանողների թվի նվազմանը, բայց մյուս կողմից կարծում է՝ ավելի բարդ կարգի արդյունքում բուհ ընդունվում են առավել պատրաստ ու մրցունակ դիմորդները։

«Ինձ համար՝ որպես կառավարչի, բուհի համար՝ որպես ֆինանսական աղբյուրի նվազեցում երևույթը հաճելի չի, բայց որակի տեսանկյունից բոլոր դեպքերում գտնում եմ, որ սա քայլ էր դեպի առաջ ու արժե, որ նման քայլի գնանք ու վստահ եմ՝ եկող տարի ենք ավելի լավ ցուցանիշներ կունենաք, որովհետև մեր դիմորդները ավելի լավ պատրաստված կլինեն երկու քննություններին էլ», - նշեց Սերոբյանը:

Հայաստանի մարզերում կրթությունն ավելի էժան է։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորն ասում է՝ իր ղեկավարած բուհում տարեկան վճարը մեկ հեռախոսի գին է: Կարծում է՝ թանկ կրթությունը նաև որակ կապահովի:

«Մեր ուսման վարձը միջինում մոտավորապես 300 հազար է, այսինքն 4 անգամ 300 հազար, 1 միլիոն 200 հազար դրամ: Հիմա համոզվեցի՞ք, որ ոչ միայն տարեկան վարձը, երևի ամբողջ կրթական ծրագրի ուսման վարձն է մի հատ լավ հեռախոսի գին: Էդ հեռախոսի կյանքը մինչև որտե՞ղ է, մինչև պատահաբար ձեռքիցդ վայր ընկնելը, ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք տալիս ենք շատ էժանագին կրթություն, էժանագին վարձավճարն ի նկատի ունեմ: Աշխարհում չկա էսպիսի գներով կրթություն», - ասաց ռեկտորը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Աշոտ Պապոյանի կարծիքով՝ խնդիր է նաև այն, որ մարզային բուհերը ճիշտ նույն մասնագիտություններն են առաջարկում, փոխանակ կենտրոնան հենց իրենց բնորոշ ուղղությունների վրա՝ առավել բարձրորակ կրթություն ապահովելով։

«Մեր մրցակցության կողմը պետք է լինի Երևանի բուհերը, ոչ թե քաղաքի բուհերն իրար մեջ պիտի մրցեն: Մենք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, որտեղ 14 հոգի պետպատվեր է ընդունվել, տեղեկատվական տեխնոլոգիաներ բացել է նաև Շիրակի պետական համալսարանը՝ 3-4 դիմորդ ունի: Այսինքն՝ եթե մի բուհում որևէ մասնագիտություն աշխատում է, դա փաստ չէ, որ այդ նույն մասնագիտությունը այնտեղ էլ հաջողություն կունենա», - ընդգծեց Պապոյանը:

Ի տարբերություն՝ Շիրակի պետական համալսարանի ու Պոլիտեխնիկի մասնաճյուղի, Տնտեսագիտականի մասնաճյուղում այս տարի ուսանողների թվի փոքր աճ կա: Տնօրեն Կարեն Պետրոսյանը ասում է՝ մայրաքաղաքի բուհերը շահեկան դիրքում են, մարզերի փոքր միջավայրում կրթության որակն ապահովելն ավելի դժվար է։

«Գործատուների հետ մեծ համալսարանը կարող է մի ամբողջ մասնագիտություն մշակի ու սպասարկի, մինչդեռ քանի որ մասնաճյուղը փոքր է, ասենք, 5 հոգանոց խումբը համալսարանին ձեռնտու չէ, 5 հոգանոց խումբն էլ գործատուին ձեռնտու չէ, որ ինքը քեզ լուրջ խաղացող դիտարկի», - ասաց Պետրոսյանը:

Կարեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է հրաժարվել բուհերի մասնաճյուղերից և մարզերում ներդնել կամպուսի տարբերակը, ինչպես Արևմուտքում է. - «Էդ կոնցեպտը՝ մասնաճյուղ հասկացողությունը, որ ինքը ռեգիոնալ, կիասմոռացված ինչ-որ առանց ուշադրության տեղ է, չկա նման բան: Կամպուսը նույնքան կարևոր է որպես ռեգիոնալ համալսարան, ինչքան որ իր մայր բուհը: Շատ տեղեր կամպուսները շատ ավելի հզոր ու կայացած են, քան գլխամասային բուհը»:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը դեմ չէ բուհերի խոշորացմանը, եթե դա կնպաստի կրթության որակի բարձրացմանը. - «Իսկապես պետք է համակարգը բարեփոխվի այնպես, որ մենք ոչ թե տանք պարզապես դիպլոմներ, այլ դուրս գան մեր մոտից որոշակի կարողություններ, հմտություններ ունեցող մասնագետներ: Պետք է և՛ ուսումնական պալանների բարեփոխում, և՛ շուկայի առաջանցիկ հետազոտում: Էսօր մենք ինչ անում ենք, անում ենք 10 տարի հետոյի համար»:

Պոլիտեխնիկի մասնաճյուղի փոխտնօրենը կողմ է, որ լինեն համալսարաններ, իսկ մարզերում գործեն դրանց մասնաճյուղերը. - «Մեր կարծիքով՝ պետք է լինեն մասնագիտական առանցքների շուրջ ձևավորված համալսարաններ, ասենք, տեխնոլոգիական համալսարաններ, մշակույթի և սպորտի համալսարան, պետական համալսարան, մանկավարժական համալսարան, բժշկական համալսարան և նրանք պետք է ունենա տարածաշրջաններում մասնաճյուղային ներկայություններ»:

Մարզերից ուսանողների մի մեծ բանակ կրթությունը մայրաքաղաքի բուհերում է ստանում: Հակառակը հազվադեպ է լինում, որ Երևանից գնան մարզային բուհում սովորելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG