Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը հայտարարում է՝ ռազմական գործողություններն անհրաժեշտ է ավարտել մինչև ձմեռ


Թեև արդեն գրեթե վեց ամիս շարունակվող պատերազմի վերջը չի երևում, բայց ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է ավարտել մինչև ձմեռ, քանի որ ռուսական բանակը թիրախավորում է ուկրաինական բնակավայրերի ենթակառուցվածքները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Երմակը։

Կիևը շարունակում է պնդել, որ ազատագրելու է օկուպացված բոլոր շրջանները՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին մեծ մարտեր են սպասվում երկրի հարավում՝ Խերսոնում։

Միևնույն ժամանակ մարտական ակտիվ գործողությունների ու հրթիռային ռմբակոծությունների աշխարհագրությունը գնալով մեծանում է։ Նախօրեին ուժգին պայթյուններ էին Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում, ինչի հետևանքով, ըստ Ուկրաինայի նախագահի, ռուսական ինը ռազմական օդանավ է ոչնչացվել. - «Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները կորցրել են 10 մարտական ինքնաթիռ՝ ինը Ղրիմում և ևս մեկը՝ Զապորոժիեի ուղղությամբ»։

Մինչ այս պահը դեռ հստակ հայտնի չէ, թե ինչի հետևանք էին այդ պայթյունները։ Պաշտոնական Կիևը պնդում է, որ ռազմաբազային չի հարվածել, Մոսկվան էլ ասում է, թե պայթյունները տեղի են ունեցել ավիացիոն զինամթերքի դետոնացիայի հետևանքով։

Արևմտյան փորձագետները արժանահավատ չեն համարում ռուսական վարկածը։ Չնայած ռուսական կողմի համար այս վնասաբեր պայթյուններին, երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձրագույն պետական պարգևներ էր հանձնել ռուս սպաներին, ովքեր «հերոսություն են ցուցաբերել» Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» ընթացքում։

«Ես շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ ամեն անգամ ողջ ու անվնաս վերադառնաք տուն», - նշել է Շոյգուն:

Գիշերը ռուսական զորքերը գրոհել են Դնեպրոպետրովսկի շրջանը

Ռուսական կողմը իր կորուստների մասին չի հայտարարում մարտից։ Գիշերը ռուսական զորքերը գրոհել են Դնեպրոպետրովսկի շրջանը, որտեղ երկու քաղաքների հրթիռակոծության հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել։ Վերջին օրերին ռուսական զորքերը ցամաքային հարձակողական գործողություններ են իրականացնում Իզյումի, Բախմուտի ուղղություններով՝ արձանագրելով սահմանափակ հաջողություններ և գրավելով որոշ տարածքներ։ Ռուսները փորձում են առաջ գնալ Խարկով և Դոնեցկ քաղաքների ուղղությամբ և Խերսոնի շրջանում, սակայն անհաջող, ուկրաինացիներին հաջողվում է պահպանել դիրքերն այս հատվածներում։

Դանդաղ առաջխաղացմանը զուգահեռ Մոսկվան ծրագրում է արդեն սեպտեմբերի 11-ին օկուպացված Զապորոժիեի մարզում անցկացնել Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվե։ Նման մի հանրաքվե ռուսական կողմը պատրաստվում է անցկացնել նաև Խերսոնի մարզում, որի մեծ մասն, այդ թվում՝ մարզկենտրոն Խերսոնը ռուսական զորքերի վերահսկողության տակ է։

Ուկրաինայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը գնա նման քայլի, կկորցնի Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը։ Վլադիմիր Զելենսկին օկուպացված տարածքներում բնակվող ուկրաինացիներին կոչ է արել ցանկացած, իրենց համար անվտանգ ճանապարհով Ուկրաինայի հատուկ ծառայություններին փոխանցել ռուսական զորքերի մասին տեղեկություն։

«Մենք ռուսական բանակը վտարեցինք հյուսիսային շրջաններից, զավթիչներին վտարեցինք մեր Զմեինի կղզուց, նրանք արդեն զգում են, որ ժամանակն է փախչել Խերսոնից և մեր երկրի հարավից, կգա ժամանակ, երբ նրանք կփախչեն Խարկովի մարզից, Դոնբասից, Ղրիմից: Եվ բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել այս գործում, պետք է օգնեն», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Արևմուտքը շարունակում է հայտարարել՝ մինչև վերջ կաջակցի Ուկրաինային

Ըստ ռազմական փորձագետների՝ վերջին ամիսներին իրավիճակը մարտի դաշտում փոխվել է մեծամասամբ Միացյալ Նահանգների տրամադրած հեռահար համակարգերի շնորհիվ։ Արևմուտքը շարունակում է հայտարարել, որ մինչև վերջ կաջակցի Ուկրաինային։

Ու մինչ ուկրաինական կողմը պատերազմում կիրառում է արևմտյան համակարգերը, ռուսական ռազմական արդյունաբերությունն այս պատերազմի պատճառով կարող է մեծ վնասներ կրել։ Բրիտանական հետախուզությունը, մասնավորապես, կարծում է, որ ռուսական ռազմական արդյունաբերությունը զգալի ճնշման տակ է և քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը կարողանա կատարել զրահատեխնիկայի արտահանման որոշ պատվերներ՝ սեփական զինված ուժերի համար սպառազինության մեծ պահանջարկի և արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG