Մատչելիության հղումներ

Մոսկվան «արդարացի չի համարում» խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները


Մոսկվան արդարացի չի համարում խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

«Քաղաքական ինտենսիվ քննարկումներին զուգահեռ ակտիվորեն աշխատում են նաև ռուս խաղաղապահները, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ մեկ անգամ չէ որ ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերակատարությունը։ Խաղաղապահների նկատմամբ առանձին քննադատություններն արդարացի չենք համարում», - ասել է Նեչաևը։

Կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խիստ քննադատություն հնչեցրել ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։

Վարչապետը հիշել էր ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները, շեշտելով՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ։ Շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը գործադիրի ղեկավարն անընդունելի էր համարել։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի կոնկրետ առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու վերաբերյալ։

Հայկական կողմը, արտգործնախարարի խոսնակի անունից, պատասխանել էր՝ «ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»:

Ինչ մտահոգություններ են եղել դրանք, և արդյոք մտահոգություններից բացի գրավոր այդ փաստաթղթում եղել են նաև կոնկրետ առաջարկներ, որոնց մասին խոսել էր Սերգեյ Լավրովը, հայկական կողմը դեռ չի հստակեցրել։ Հայտնի է միայն, որ երկկողմ այս հայտարարություններից հետո՝ երկու օր առաջ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր հայկական կողմի նախաձեռնությամբ։

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG