Մատչելիության հղումներ

Իրանը կհակազդի Կովկասում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձի․ Ռայիսին՝ Փաշինյանին


Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին՝ վկայակոչելով՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը։

Հայ- իրանական սահմանը կարևոր տնտեսական ու անվտանգային նշանակություն ունի Իրանի համար։ Հուլիսի վերջին այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանին ասել էր, որ Իրանը կընդդիմանա «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»։ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է», - ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ:​ Ապա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը կրկնել էր գրեթե նույնը՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ կապերն, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։

Իրանի նախագահը ևս ընդգծել է հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG