Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է դանդաղում հանրապետական ճանապարհի շինարարությունը․ բնակիչները տեխնիկան վերջին անգամ ընտրություններից առաջ են տեսել


Դեռ Ամիսներ առաջ Կառավարությունը ավելի քան 3,5 միլիարդ է հատկացրել Թումանյան համայնքի բնակավայրերը միմյանց, ինչպես նաև՝ գլխավոր մայրուղուն կապող 37 կմ ճանապարհը հիմնանորոգելու համար։ Արդեն տասն ամիս շինարարը կա, գումարը՝ նույնպես, բայց աշխատանքները չեն սկսվել։

Անկախությունից ի վեր երբևէ ասֆալտ չտեսած ճանապարհով Վանաձոր հասնելն իսկական տանջանք է հարակից բնակավայրերի համար, որտեղ երկու հազարից ավելի մարդ է ապրում։ Մարց գյուղի 84-ամյա բնակիչ Ջանիբեկ Ոսկանյանը դառնորեն հեգնում է, թե իրենց բարեկարգ ճանապարհի արժանի չեն համարում։

«Քարքարոտ ճամփեն, ասում են, ձեզ ձեռ ա տալի, բնությունը կփչացնենք», -ասաց Ոսկանյանը:

«Մեր սարերը տանող ճանապարհներն ավելի լավն են, քան որ օգտվում ենք Հանրապետության երրորդ քաղաքից», - ասաց մեկ այլ բնակիչ:

Գյուղացիները հաստատում են, որ կառավարությունից ժամանակ առ ժամանակ մասնագետներ են գալիս Թումանյան, միայն թե վստահ են՝ գալիս են ոչ թե գործ անելու, այլ՝ իրենց աչքին թոզ փչելու համար։ Մինչ օրս շատ են տեսել նման՝ ճանապարհը չափուձև անող մասնագետների, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվել։

Մարցի 30 տարվա բուժքույր Գայանե Քոչինյանը պատմում է՝ անցած տարվա դեկտեմբերին՝ տեղական ընտրություններից օրեր առաջ, անգամ շինարարական տեխնիկա են հասցրել գյուղ, բայց իրավիճակն այդպես էլ չի փոխվել։

«Համայնքի խոշորացման ընտրությունից առաջ 30 միավոր տրանսպորտ են բերել կանգնացրել գյուղ բարձրացող ճանապարհի վրա, որպեսզի ժողովուրդը համոզված լինի, որ սկսում են ճանապարհը ու ընտրվեն իրանք, որից հետո, ես չեմ հասկանում ինչ կատարվեց, հաջորդ օրը էդ 30 միավոր տրանսպորտը հոդս ցնդեց», - ներկայացրեց Քոչինյանը:

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամ խաչատրյանը հերքում է բնակիչների կասկածները, թե տեխնիկա բերելը զուտ նախընտրական հնարք է եղել։ «Մենք քաղաքական մանիպուլյացիաներով չենք զբաղվում», - ասում է ու սլաքներն ուղղում «Լեոպոլդ և ընկերներ» շինարարական կազմակերպության ուղղությամբ։

Կառավարությունը հենց այս ընկերությանն է հաղթող ճանաչել շինարարության մրցույթում, այն, ի դեպ, պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Վոլոդյա Բադալյանին։

Ճանապարհային դեպարտամենտից չեն թաքցնում, որ շինաշխատանքների մեկնարկը ձգձվում է:

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են. - «Որոշ տեխնիկական պատճառներով, այդ թվում՝ ՀԷԿ-երի՝ ճանապարհի երկայնքով ձգվող խողովակաշարի հատվածներում նախագծային նոր լուծումներ տալու անհրաժեշտությամբ պայմանավորված, շինաշխատանքների մեկնարկը ձգձգվել է, սակայն ձեռնարկվում են հնարավոր միջոցառումները, որպեսզի առաջիկայում նշված ճանապարհին շինարարությունը մեկնարկի»։

Խոսքը «Մարցիգետ-2» հիդրոկայանին պատկանող 5 կմ-անոց խողովակաշարի մասին է, որի հաստափոր խողովակներն անցնում են հողի մակերեսով․ այս դեպքում ջրահեռացում ապահովելն անհնար է, ասում է Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանը։

«Եթե ջրահեռացում չարեցին, արած աշխատանքն իմաստ չունի, որովհետև մեր ճանապարհների հիմնական քանդվելու պատճառը ջրահեռացում չունենալն է», - նշեց Ղազարյանը:

Մարց գետի վրա եղած 3 ՀԷԿ-երից ամենամեծը՝ «Մարցիգետ-2-ը», կառուցել են Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ առանց հաշվի առնելու, որ ՀԷԿ-ի ավելի քան մեկ մետր տրամագիծ ունեցող խողովակները մի օր կարող են անհնար դարձնել հանրապետական ճանապարհի շինարարությունը։ Մեկ տարի առաջ ՀԷԿ-ի սեփականատերը փոխվել է։ Տնօրեն է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը։

Ինչո՞ւ ճանապարհի շինարարության նախագիծը կազմելիս ՀԷԿ-ի խողովակների ապամոնտաժման կամ խնդրի լուծման հարց չի դրվել։ Ահնիձորցի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, կասկածներ ունի, թե նախագծողները փորձել են վարչապետի մերձավորներին անցած ՀԷԿ-ի համար խնդիրներ չստեղծել։

«Ես կարծում եմ՝ հերթական անգամ կապիտալ շինարարության առումով, ինչպիսին ճանապարհն է, մեր կառավարությունը հերթական բորշն է սարքել, որը հազիվ թե ուտելի է: Իրենք իրենց կրակն են գցել, որովհետև այստեղ ակնհայտ է շահերի բախումը», - նշեց Մաթևոսյանը:

Մինչդեռ անցած տարի ՀԷԿ-ի սեփականատեր դարձած Յուրի Քոքոբելյանի հայրը՝ Վաչիկ Քոքոբելյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք որևէ խոչընդոտ չեն ստեղծում ճանապարհի շինարարության համար։ Հաստատեց՝ այժմ բանակցում են կառավարության ու շինարարի հետ նախագծային նոր լուծումներ գտնելու համար, ու նշում է, թե ընդառաջ կգնան ցանկացած առաջարկի։ Արդյոք պատրաստ են իրենց միջոցներով տեղափոխել 5 կմ-անոց խողովակաշարը, եթե անգամ դա մեծ ծախսերի հետ կապված լինի, Քոքոբելյանն ասաց՝ քննարկում են, կհաշվարկեն։

«Էս կյանքում ամեն ինչ պետք ա ողջամիտ լինի։ Եթե առաջարկը այնպիսին լինի, որ դա կարող ա ՀԷկ-ից էլ թանկ ա, կարանք մենք ընդեղից հավաքվենք հեռանանք։ Բայց տենց խնդիր չկա, ինչ-որ ասվել ա, ինչ որ քննարկվել ա, մեր ուժերի սահմանում ա, կանենք», - ասաց Քոքոբելյանը:

Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ հաստատված նախագիծ մինչ օրս չկա։ Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ճանապարհի երկայնքով հենապատ կառուցվի խողովակները դրա վրա հարմարեցնելու համար։

Թե՛ կառավարությունից և թե՛ համայնքից դեռ չեն մանրամասնում՝ որքան կարժենա նոր նախագիծը, ում միջոցներով կկառուցվի այդ հենապատը և արդյունքում որքան կերկարի շինարարության ժամկետը։ Հավաստիացնում են միայն, թե առաջիկա 10 օրվա ընթացքում շինարարությունը կսկսվի գոնե այն հատվածում, որը չի առնչվում ՀԷԿ-ի խողովակաշարի հետ։ Մնացածի մասով որևէ կառույց որևէ հստակ ժամկետ չի նշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG