Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Ղարաբաղի շուրջ զարգացումներին և կոչ անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը։
ԵԱՀԿ մշտական խորհրդում տարածված փաստաթղթով Վաշինգտոնը կրկին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը։
«Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների առնչությամբ»,- ասված է ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանի հայտարարության մեջ:
Ղարաբաղում տեղի ունեցած վերջին սրացումից հետո, որի հետևանքով հայկական կողմում երկու զինծառայող զոհվեց, ևս երկու տասնյակը վիրավորվեցին, պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով թուլացնել լարվածությունն ու գնալ ուղիղ շփումների:
Նոր հայտարարությամբ Միացյալ Նահանգները կրկին պնդում է, թե պատրաստ է համագործակցել երկկողմ ձևաչափով, համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։