Մատչելիության հղումներ

Օձունի համայնքապետը մեղադրվում է հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերի եկամուտը թաքցնելու մեջ


Օձունի ընդդիմադիր համայնքապետ Արսեն Տիտանյանը մեղադրվում է հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերի եկամուտը թաքցնելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ նա այս տարի վաճառած իր 1400 քառակուսի մետր հողատարածքը նախորդ տարիներին չի հայտարարագրել։

Երկու օր առաջ այս մեղադրանքով Տիտանյանին ձերբակալել էին, բայց դատարանը մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունն ու ազատ արձակել։ Այսօր աշխատանքի էր գնացել։ «Ազատությանն» ասաց՝ դատարանում հիմնավորել է, որ նախաքննությունից թաքնվելու որևէ պատճառ չունի։ Օձունի համայնքապետարանում հայտնաբերած այլ խախտումների փաստով երկու քրեական գործ կա։ Ասում է՝ երկուսի դեպքում էլ ներկայացել է բոլոր հարցաքննություններին։

«Քննիչը նշում էր, ո կարա փախչի, կարա խանգարի: Ես ասում եմ՝ 2018 թվականից իմ վրա բազմաթիվ քրեական գործեր կան, էս պահին էլ 2-3 քրեական գործ կա, ես որևէ անգամ նախաքննությանը չեմ խանգարել, չեմ բացակայեմ, չեմ դժվարացել գնալ քննության, որևէ լծակ չեմ օգտագործել», - ասաց Տիտանյանը:

Օձունի համայնքապետը հերքում է քննիչների պնդումները, թե միտումնավոր է թաքցրել իրեն պատկանող հողակտորներից մեկը 2020-21 թվականների հայտարարագրերում։ Շեշտում է, որ 1400 քառակուսի մետրանոց տնամերձը ձեռք է բերել ոչ թե իր պաշտոնավարման տարիներին, այլ 90-ականներին՝ համընդհանուր սեփականաշնորհման ժամանակ։ Ընդունում է մեղքը, թե ունեցվածքը հայտարարագրելիս մոռացել է դեռ երիտասարդ տարիներին պետությունից անհատույց ստացած հողակտորի մասին, և հարց տալիս՝ ինչո՞ւ պետք է թաքցներ, ըստ իրեն, գյուղից ու անհրաժեշտ ենթակառուցվածքներից հեռու գտնվող այս տնամերձը, որ երբևէ չի օգտագործել, այն դեպքում, երբ նույն այդ տարիներին Տիտանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, արտադրական տարածքներ, բեռնատար մեքենաներ, ֆինանսական միջոցներ։

«Մի դատարկ տնամերձը, որը չունի ցանկապատ, չունի ջուր, չունի ոչ մի ենթակառուցվածք, ես թաքցնեմ ի՞նչ անեմ, դա ինձ ի՞նչ ա տալիս: Եթե ես միտում ունենայի թաքցնելու, ես կթաքցնեի ավելի արժեքավոր գույքեր, որը հայտարարագրել եմ: Հիմա եթե պատճառաբանությունը լիներ՝ համայնքից գնել ես 10 դրամով, վաճառել ես 20-ով, թող համայնքը 20-ով վաճառեր, օրինակ: Բայց ես հողը ստացել եմ անվճար, իմաստը ո՞րն էր, որ ես թաքցնեի, մեծ գույք ունեմ, ասենք, անասնաֆերմա, էդ ֆերման կթաքցնեի, որը հազար անգամ ավելի թանկ արժե, քան ասենք մի տնամերձ հողամասը», - ընդգծեց նա:

Համայնքապետի նախաքննությանը ներկայացրած տվյալներով իր մոռացության տված հողամասը վաճառել է ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, որ դրա իրական արժեքը մեկ միլիոնով ավելի է, և որ Տիտանյանը թաքցրել է իրական գինն ու ստացած եկամուտը։ համայնքապետը հակադարձում է՝ այդ գնով նույնիսկ Օձունի կենտրոնում տարածք չես առնի։

«Ասում ա՝ «դու 300 հազարով ես վաճառել, բայց գնահատողը գնահատել է 1 միլիոն 300 հազար», ասում եմ՝ «եղբայր, Օձունում 1 միլիոն 300 հազար դրամով մի հեկտար վարելահող են գնում իրարից, տնամերձը՝ 1400 մետր, չի կարա լինի միլիոն 200 հազար, միլիոն 300 հազար, կարա ընդամենը լինի 5-600 հազար դրամ», - ասաց համայնքապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքում են, թե «այս պնդումներով Տիտանյանը ցանկանում է պաշտպանվել և արդարացնել իր գործողությունները»։ Միաժամանակ տեղեկացնում, թե այժմ «ստուգվում են նրա բոլոր պատճառաբանությունները»։ Խոստանում են առաջիկայում հավելյալ տեղեկություններ տալ նախաքննության մասին։

Անցած տարի` ԱԺ ընտրություններից հետո, հանրապետական Արսեն Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։

Այս մասով քրեական գործ հարուցվեց, սակայն երեք ամիս անց կասեցվեց՝ ապացույցների բացակայության հիմքով։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված տեսախցիկները չեն գործում, միջադեպի մասին որևէ բան չեն արձանագրել։ Բոլոր վկաներն էլ հերքել էին համայնքապետի պնդումներն իրեն ծեծելու մասին։ Այս պարագայում իրավապահները համարել էին, որ գործը բացահայտելու համար ապացույցներ ձեռքբերելու հնարավորություն չկա, և այն կասեցնելու որոշում էին կայացրել։

Համայնքների խոշորացման մասին ԱԺ ընդունած նոր օրենքով աշնանը կմիավորվեն Օձուն, Ալավերդի և Ախթալա համայնքները, տեղի կունենան նոր ընտրություններ։ Արսեն Տիտանյանն Ազգային ժողովի ընտրություններին սատարում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Այսօր, սակայն, 14 տարի Օձունը ղեկավարած հանրապետական համայնքապետն «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից։ Աշնանը կայանալիք ընտրություններին չի մասնակցի որևէ կուսակցության ցուցակով։

«Էս պահին ես չեմ առաջադրվում որևէ կուսակցությունով, որևէ պաշտոնի ակնկալիք չունեմ, ես համարում եմ, որ ավարտում եմ իմ աշխատանքները, 4 անգամ ընտրվել եմ, քաղաքական դաշտ չեմ ուզում, որովհետև արդեն էլ չեմ ուզում քաղաքականության հետ առնչվեմ», - ասաց նա:

Օձունն իր շրջակա գյուղերով մինչև Տավուշի մարզ խոշորացող համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին դեռևս հայտարարել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ու Ախթալայի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը։

XS
SM
MD
LG