Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետին ծեծելու փաստով հարուցված քրգործը կասեցվել է


Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Երեք ամիս առաջ` Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը, Տիտանյանը ոստիկանություն էր դիմել՝ բողոքով, թե Լոռու մարզպետի աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մի խումբ անձինք հարվածներ են հասցրել իրեն։ Պնդել էր, թե մարզպետը հարկադրել է իրեն հրաժարականի դիմում գրել։

Նախաքննության անցած 3 ամիսներին դատաբժիշկը եզրակացություն է տվել համայնքապետի ստացած վնասվածքների մասին, մանրամասն հարցաքննել են տուժող ճանաչված համայնքապետին, բայց նրա մատնանշած մարզպետարանի բոլոր աշխատակիցները հերքել են Տիտանյանի պնդումները, թե մարզպետարանում իր նկատմամբ բռնություն է եղել, որի հետևանքով վնասվածքներ է ստացել։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել էր, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված տեսախցիկները չեն գործում, միջադեպի մասին որևէ բան չեն արձանագրել։ Այս պարագայում իրավապահները համարել են, որ գործը բացահայտելու համար այլևս նոր ապացույցներ ձեռքբերելու հնարավորություն չկա, և այն կասեցնելու որոշում է կայացվել, «Ազատությանն» ասաց Արսեն Տիտանյանի փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Այսինքն` գործողությունները շարունակելու են համապատասխան իրականացվել, ուղղակի կասեցված վիճակում, և նույն ժամանակ հանձնարարություն է տրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը, ազդարարվել է ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ` հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով», - մանրամասնեց Շխիմյանը:

Նախաքննության ընթացքում Արսեն Տիտանյանի մատնանշած մարդիկ Լոռու մարզպետի անմիջական ենթականերն են։ Տիտանյանի փաստաբան Միքայել Շխիմյանն «Ազատությանն» ասաց՝ կողմերի միջև որևէ առերեսում չի եղել։ Թե ինչու այսքան սակավ ապացույցների պարագայում անգամ առերեսում տեղի չի ունեցել, փաստաբանի ենթադրությամբ վկայի կարգավիճակ ստացած աշխատակիցներն օգտվել են ցուցմունք չտալու իրենց իրավունքից ու հրաժարվել առերեսումից։

Տիտանյանի փաստաբանն ասաց՝ նախատեսում են բողոքարկել քրեական գործը կասեցնելու մասին քննչական մարմնի որոշումը։

Համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծելու փաստով քրեական գործ հարուցելուց հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մշտապես հերքել է տուժող ճանաչված Տիտանյանի պնդումները։ Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում ևս մեկ անգամ ասաց՝ նման բան չի եղել։

Մարզի ղեկավարը հերքում է նաև, թե Օձունի 13 տարվա համայնքապետից պահանջել է հրաժարականի դիմում գրել։

Խորհրդարանական ընտրություններից հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե ընտրութուններում պարտված քաղաքական ուժերի աջակից համայնքապետերը պետք է հրաժարական տան։

«Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ պիտի այդ մարդիկ հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրություններին, որպեսզի հասկանան` արդյոք ժողովուրդն իրենց վստահում է, թե չի վստահում: Միակ ճանապարհը քաղաքակիրթ սա է: Կրկնում եմ` քաղաքական կամք պիտի դրսևորեն: Ես համոզված եմ, որ շատերը վստահ չեն, որ իրենք կվերընտրվեն», - ասել էր մարզպետ Խաչատրյանը:

Դրանից հետո Լոռու մարզի 5 համայնքապետեր, այդ թվում` խոշորացված Գյուլագարակ համայնքի ղեկավարը հրաժարական տվեցին, թեև հայտարարում էին, որ իրենց նկատմամբ պարտադրանք չի եղել, դա իրենց անձնական որոշումն է։

XS
SM
MD
LG